HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Վրացական «հայատյացության» հերթական զոհը Սբ. Նշան եկեղեցին է

Օրերս վրաց պատրիարքարանի առաջ քաշած այն պնդումը, թե Սուրբ Նշան եկեղեցու պատկանելիությունը վիճելի է, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը համարում է անհիմն:

Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցին հիմնադրվել է 1720 թ.-ին, որի շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 1703 թ.-ին: Եկեղեցու գմբեթը կառուցվել է միայն 1780 թ.-ին, որով եկեղեցին ամբողջական տեսք է ստանում: Այն գտնվում է Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում՝ Հերակլի հրապարակից ոչ հեռու:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետը ներկայացրեց այն փաստերը, որով ապացուցում է եկեղեցու հայկական լինելը:

Եկեղեցու արձանագրութան վրա գրված է, որ եկեղեցու կառուցման գործում մասնակցություն են ունեցել Մելիք Գեորգին և տանուտեր Ասլամազը: Ս. Կարապետյանի խոսքերով՝ այն օրերի քաղաքային իշխանության գլուխ կանգած հայերի հովանու ներքո է կառուցվել եկեղեցին:  

Եկեղեցու բակի գերեզմատանը ամփոված են երեք հայկական տոհմերի ներկայացուցիչներ. Աբիսողոմյանցները, Մեղրիմյանցները, Փիրոյանցները: Ավետիք Փիրոյանցը եղել է Ներսիսյան դպրոցի հովանավորներից, իր կտակի մի մասը հատկացրել է Սբ. Նշան եկեղեցուն կից գործող դպրոցին: 

Սակայն վրացական կողմն առաջ է քաշում այն փաստարկը, թե հայկական եկեղեցին կառուցված է մեկ այլ՝ վրացական ուղղափառ եկեղեցու հիման վրա, բացի այդ՝ համարում են, որ Սբ. Նիկողայոսի պաշտամունքը հայերի մեջ չի եղել, հետևաբար այդ անունը կրող եկեղեցին չի կարող ունենալ հայկական ծագում:

Ս. Կարապետյանը ներկայացրեց այն 3 հիմնական աղբյուրները, որոնցով ապացուցում է հակառակը, այսինքն՝ այն, որ այժմյան եկեղեցին կառուցվել է մեկ այլ եկեղեցու հիման վրա, սակայն փաստերից երևում է, որ այն նույնպես եղել է հայական եկեղեցի, որի անունը փոխանցվել է հաջորդ եկղեցուն:

Եվ այսպես՝ 1624 թ.-ին Անդրի Կեսարացի քահանան ձեռագիր է փոխանցել Տփղիսի Սբ. Նիկողայոս եկեղեցուն, ուստի այդ թվականին քաղաքում գոյություն ունեցած հայկական եկեղեցիների թվում կար նաև Սբ. Նիկողայոս անվամբ եկեղեցի:

1656 թ.-ին Աղամալ Ջուղայեցու ձեռքով Տփղիսի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում ստեղծված և Սբ. Նշան եկեղեցուն նվիրաբերված գանձարանին, որի հիշատակարանում նշված է. «Արդ՝ ես բազմամեղ Զուարաբս ստացայ զսբ. տառս և ետու յիշատակ ի դուռն Ս. Նշանին, ի ձեռն տէր Ոհան քահանային, յիշեցեք...»:

Իսկ երրորդն արդեն օտար աղբյուր է. 1672 թ.-ին ֆրանսիացի հայտնի ճանապարահորդ Ժան Շարդենը ի թիվս քաղաքի հայկական 8 եկեղեցիների հիշատակում է նաև Սբ. Նշանը:

1928 թ.-ին եկեղեցին դադարել է գործել: Երկրորդ համաշխարհային պատերազմի  տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է որպես պահեստ: Այնուհետև այն դարձել է Վրաստանի ԳԱԱ գրապահոց, որտեղ հիմնականում պահվել է հայկական մամուլը: Այս վիճակը շարունակվել է մինչև Վրաստանի անկախացման առաջին տարիները:

Հուշարձանագետը նշեց, որ 1998 թ.-ին Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցները եկեղեցու շուրջ հավաքված հայերին հայտնում են, որ եթե մեկ ամսվա մեջ հայ համայնքը ձեռնամուխ չլինի եկեղեցու վերանորոգման գործին, այն կփոխանցվի վրաց պատրիարքարանին: Իսկ 2002 թ.-ի հոկտեմբերին եկեղեցում հրդեհ է բռնկվում: 9 հրշեջ մեքենաները ջրով հանգցնում են կրակը: Սակայն շաբաթներ անց այդ ջուրն առաջացնում է բազում ճաքեր, որոնք խորանում են տարիների ընթացքում: Հրդեհի արդյունքում էլ  ոչնչանում են  Հովնաթանյան նկարիչներին վերագրվող բազմաթիվ որմնանկարներ:

Միայն 2010 թ.-ին Սբ. Նշան եկեղեցին ստանում է պատմական հուշարձանի կարգավիճակ: Հուշարձանագետի խոքերով՝ նշանակում է, որ եկեղեցին որպես հուշարձան երբեք չի ընկալվել վրացիների կողմից և բազմաթիվ ապօրինությունների տեղիք է տվել:  

Վերջին հրդեհի ժամանակ փլուզվել է եկեղեցու հյուսիս-արևելյան սյունը, ինչը փլուզման վտանգի տակ է դնում  եկեղեցին: Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն վերջացել են եկեղեցու ներսի մաքրման աշխատանքները, որտեղ հրդեհի հետևանքով մեծ աղբակույտ էր գոյացել: Սակայն դրանից հետո հարցը ինչ լուծում կստանա՝ դեռևս հայտնի չէ:

Ս. Կարապետյանը նշեց, որ մինչ այժմ ինքը չի հանդիպել որևէ եկեղեցի, որը «հայերը յուրացրած լինեն», վրացական կողմը միայն մեղադրանքներ է առաջ քաշում՝ չունենալով ոչ մի ապացույց կամ հակափաստարկ: Նա տարակուսանք է հայտնում, թե մինչև երբ պետք է հայական կողմը հավատա վրացական կողմի խոստումներին. ի տարբերություն հայ որոշ պաշտոնյաների՝ ինքն այլևս դրանց չի հավատում:

Վրացական կողմի նման պահվածքը Ս. Կարապետյանի խոսքերով՝ նորություն չէ: Նրա կարծիքով՝ նման պահվածքի պատճառը հայատյացությունն է, նրանց մամուլը ողողված է հայերի նկատմամբ թույնով:  Պարզապես ասյտեղ շատերը կտրված են իրականությունից և դեռ հավատում են «խորհրդային տարիներից դաջված բարեկամությանը»:

Հուշարձանագետի կարծիքով՝ հնարավոր կլինի պահպանել հայկական հուշարձանները, եթե փոխենք մեր կեցվածքը, վերջա տանք անտարբերությանը. լինենք մեր պատվի տերը, և ապա մեզ կհարգեն: 

Մեկնաբանություններ (1)

Nelson
Թերթերում գրված էր որ ՀՀ Կառավարությունը 100 միլիոն դրամ ե տրամադրելու երկու զուգարանի համար ...... Ափսուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter