HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Փոխհատուցման տարբերակները դեռ քննարկվո՞ւմ են

Աբովյան փողոցում նախկինում տեղակայված խանութ-կրպակներից այսօր ոչ մի հետք չկա: Երկու օր առաջ ավարտվեցին ապամոնտաժման աշխատանքները, երբ հողին հավասարվեց վերջին խանութ-կրպակը: Խանութների ապամոնտաժման աշխատանքների վերջին օրերին փորձեցինք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչությունից ճշտել, թե ինչքան փոխհատուցում է տրվել խանութ-կրպակների սեփականատերերին: Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքների սկսվելուն պես մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե  Աբովյան փողոցի խանութների սեփականատերերին, որպես փոխհատուցում,  տարածքներ են առաջարկվել Արամի փողոցում: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներում հերքել էր այդ տեղեկությունը:

Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության` փոխհատուցման վերաբերյալ հարցման պատասխանը ներկայացվում է ամբողջությամբ. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Աբովյան փողոցի մայթերին տեղակայված ժամանակավոր կառույցների ապամոնտաժմանն առնչվող Ձեր հարցերի` տեղեկացնում ենք, որ Աբովյան փողոցի մայթերին տեղակայված ժամանակավոր կառույցների ապամոնտաժման գործընթացի շուրջ սկսվել և ներկայում շարունակվում են տնտեսվարողների հետ բանակցությունները: Այդ բանակցություններից ձեռքբերված պայմանավորվածության համաձայն էլ նախ ապամոնտաժվում են ժամանակավոր կառույցները: Կողմերի համաձայնությամբ փոխհատուցման տարբերակները կքննարկվեն ապամոնտաժման գործընթացի ավարտից հետո»:

Քաղաքապետարանի այս պատասխանը կզարմացներ նույնիսկ ամենաանփորձ գործարարին: Փաստորեն տնտեսվարողները համաձայնել են, որ իրենց օբյեկտները ապամոնտաժվեն այն դեպքում, երբ չգիտե՞ն, թե ինչքան փոխհատուցում են ստանալու:

«Փոխհատուցման տարբերակները» մեր հարցման ժամանակ պետք է որ քննարկված լինեին, քանի որ այդ ընթացքում Մաշտոցի պուրակում գցվում էին նմանակ-կրպակների հիմքերը: Այսինքն` խանութների` Աբովյան փողոցից ապամոնտաժման և Մաշտոցի պուրակում դրանց վերակառուցման աշխատանքները զուգահեռ էին կատարվում, և «փոխհատուցման տարբերակները» քննարկելու տարբերակ արդեն սկսված  շինարարության ընթացքում չէր կարող լինել:

Մնում է ենթադրել, որ Մաշտոցի պուրակում «բուտիկների» վերակառուցման թույլտվությունը քաղաքապետարանի կողմից սեփականատերերին տրված միակ փոխհատուցումը չէր. միայն այդ դեպքում խելամիտ կարելի է համարել  փոխհատուցման տարբերակները շինարարությանը զուգընթաց քննարկելը:

«Մենք ենք այս քաղաքի տերերը» նախաձեռնության անդամները այսօր ցույց էին կազմակերպել Մաշտոցի պուրակում` ընդդեմ հանրային կանաչ գոտում խանութ-կրպակներ վերակառուցման: Ակտիվիստները  առաջիկա օրերին դիմելու են քաղաքապետարան և փորձելու են կասեցնել այգում իրականացվող շինարարությունը:

Այն, որ պուրակում կառուցվող խանութ-կրպակների նախնիները հանգուցյալ «բուտիկներն» են, փաստում են կիսակառույցների շրջակայքում տեղադրված ցուցանակները` օրինակ` «Բրավո» գրությամբ:  

Հ.Գ. Քիչ առաջ քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նոր փողոցների կառուցման արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝  ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի: Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում  Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին»:

Մեկնաբանություններ (1)

Aaaaaa
Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին»: Nkaric parz erevum e, vor butiknery karucvum en kanach taracqi hashvin, ereq tsar hastat hatvelu e((((((((((((((((((((Qaxaqaoetarany inchu e sut xosum, tsarerey butikneri nersum en achelu?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter