18:03, 6 մարտի, 2012«Ճշմարտությունը մերկ է ու գեղեցիկ, դրա համար նրան հաճախակի բռնաբարում են»
Մեծ երգիծաբանի՝ 150 տարի առաջ արտահայտած վերոնշյալ միտքն ամեն օր Հայաստանի անպաշտպան քաղաքացիների իրավունքների նկատմամբ իրականացնում են այս իշխանությունները, հատկապես «անկախ դատարաններում ու անկախ դատավորները»:
Ով երբևէ առիթ ունեցել է առնչվելու անդառնալիորեն կոռումպացված այդ կառույցի հետ, կհամաձայնի արված համեմատության հետ: Դատական իշխանության հանդեպ ժողովրդի ունեցած բացասական վերաբերմունքն ու անթաքույց անվստահությունը պայմանավորված են համակարգում տիրող մարդատյացության, օրինախախտության, կաշառակերության և ցինիզմի բացահայտ դրսևորումներով, ցուցիչներ, որոնք դարձել են հայաստանյան արդարադատության անքակտելի բաղկացուցիչը:
Համակարգում ստեղծված վիճակի մասին լավատեղյակ են թե ոլորտի պատասխանատուները և թե երկրի նախագահը: Ու եթե կտրուկ միջոցառումներ չեն իրականացվում իրական բարեփոխումներ կատարելու ուղղությամբ, նշանակում է, որ այն ձեռնտու է ոլորտի պատասխանատուներին և հովանավորվում է երկրի ղեկավարի կողմից:
Բոլորին է հայտնի, որ հայաստանյան դատարաններում, առանց փողի կամ զորեղ հովանավորի միջամտության, արդար դատավարություն ու արդարացի վճիռ ակնկալելը հեքիաթի նման մի բան է: Իհարկե, ուսանելի կլիներ, եթե մեր օրինազանց դատավորները նախքան Հանուն Հայաստանի Հանրապետության անհիմն վճիռներ հրապարակելը հիշեին գոնե Թումանյանի «Գայլն ու գառը», որ նույնիսկ չար ու ագահ գայլն իր խղճի հանգստության համար խեղճ ու անպաշտպան գառանը հոշոտելուց առաջ նրան հիմնավոր փաստարկներ էր ներկայացնում. «Դու ինչի՞ տեր ես, որ գաս դնչովդ, քթով-պնչովդ ջուրս պղտորես»: Մեր դատավորների մոտ նույնիսկ այդ գայլային բարոյականությունն է բացակայում: Մտահոգություններիս իրավացիությունը փորձեմ համառոտ ներկայացնել ընթերցողին:
Շուրջ երեք տարի հայաստանյան դատարաններում բազում խարդավանքների ենթարկվելով՝ դեգերում է ՎԴ5/0748/05/09 վարչական գործը, որը վերաբերում է իմ տասը տարվա սեփականությունը հանդիսացող, Գյումրի քաղաքի Տերյան-97 հասցեում գտնվող, 125 ք/մ մակերեսով հողատարածքին:
2002թ. մասնակցելով այդ հողամասի համար հայտարարված աճուրդին' հաղթող եմ ճանաչվել: 09.12.02թ. սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, և տրվել սեփականության իրավունքի գրանցման թիվ 430573 վկայականը: Ամեն ինչ կատարվել է ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համաձայն՝ առանց նույնիսկ կետադրական սխալների:
Սակայն ութ տարի անց 1999 թվից Հունաստանի քաղաքացի (մահացած 29.12.09թ.) ոմն Ավրամովի քույրը «Օրենքին հակասող աճուրդը և հետևանքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին» հայց է ներկայացնում ՀՀ Վարչական դատարան: 20.10.09 թ. գործը վարույթ է ընդունվում' սկիզբ դնելով մի հոգեմաշ ու խայտառակ դատական պատմության, որի ավարտն, ամենայն հավանականությամբ, կդրվի Ստրասբուրգում:
Ինչևէ, 14 ամիս անց՝ 06.12.2010թ., վարչական դատարանը (դատ. Է.Նահապետյան) հայցը մերժեց: Վճռից դժգոհ հայցվորն ու պատասխանողը' Գյումրու տխրահռչակ քաղաքապետը, ով ընդունեց հայցը, որով ոչ միայն ինքն իրեն սխալ հանեց, այլև հնարավորություն ստեղծեց գործին առնչվող մեծամիտ անգիտությամբ տառապող դատավորախմբին անօրինական վճիռներ արձակելու, 29.12.2010թ վերաքննիչ բողոք ներկայացրին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան:
12.05.2011թ. վերաքննիչ դատարանը (դատավորներ Ա.Առաքելյան Ա.Աբովյան, Գ.Ղարիբյան) իր ակնհայտ անհիմն վճռով գործը բեկանեց և ուղարկեց վարչական դատարան լրացուցիչ քննության: 10.11.11 թ. ՀՀ վարչական դատարանը (դատ. Կ.Բաղդասարյան), հայցվորի «զոհաբերությունից» շոյված (ի դեպ, նման «զոհաբերություն» կատարվել է այս գործին առնչվող բոլոր դատարաններում), իր կողմնակալ ու թերի վճռով հայցը բավարարեց: Արտառոց ոչինչ չկար. չէ՞ որ ՀՀ նախագահի ընտանիքի հովանավորությունը վայելող յուրաքանչյուր դատավոր դառնում է անպատժելի ու աննվաճ:
Հայտնվելով արդարադատության լաբիրինթոսում՝ բնական շփոթությունից դիմեցի ՀՀ նախագահին, բայց ի՞նչ ակնկալիք կարող է սպասել հասարակ քաղաքացին Ձմեռային պալատի տիրոջից՝ բացի սառն ու անտարբեր մերժումից:
Սահմանված կարգով 22.11.11թ. վերաքննիչ բողոք ներկայացրի վերաքննիչ դատարան՝ վարչական դատարանի 10.11.11թ կայացրած վճիռն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու վերաբերյալ: Սակայն ի՞նչ լուծում կարելի էր սպասել ստալինյան բռնապետության տարիներին մարդկային բազում ճակատագրեր խեղած տխրահռչակ եռյակին նմանվող վերաքննիչ դատարանի դատավորական եռյակից (դատավորներ Ա.Սարգսյան, Լ.Սոսյան, Ա.Բաբայան), որոնց մռայլ, անտարբեր ու բութ հայացքներից կանխավ հայտնի էր հարպարակվող դատավճռի բովանդակությունը:
Եվ 2012 թ. մարտի 1-ին եռյակը, առանց գործի հանգամանալից ուսումնասիրության, ակնհայտ կողմնակալ շահագրգռվածությամբ ու ներքին համոզմամբ, իր անհիմն վճռով մերժեց ոչ թե 99, այլ 100%-անոց բեկանման ենթակա բողոքը՝ վերստին ապացուցելով, որ արդարադատությունը բռնաբարում են հենց արդարադատություն իրականացնողները:
Ինչևէ, կրկին բախվելով հայաստանյան դատական անիշխանության բետոնյա պատնեշին' համոզվեցի, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև ՀՀ Վճռաբեկ դատարանում: Թերևս մի բան ակնհայտ է, որ 2008թ. Մարտի 1-ից հետո իշխանությունների մոտ օրգանական պահանջ է ձևավորվել, որ գարնան առաջին օրը իրենց անօրինական գործողություններով ցավ ու կսկիծ պիտի պատճառեն այս հնազանդ, հանդուժող ու համբերատար ժողովրդին:
Մտածում եմ՝ եթե Սիամանթոն դժբախտություն ունենար մեր ժամանակակիցը լինելու, հաստատ կհամաձայներ ներքոբերյալ ձևակերպումով արտահայտելու իր բողոքը. «Ով հայաստանյան արդարադատություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»...
Աշոտ Մկրտչյան
Գյումրի
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3646 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2562 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1888 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1567 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1405 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը
17.05.2013
դիտվել է 1395 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը