Չորեքշաբթի, 19 հունիսի

Վտանգի տեսանելիությունը եւ միտումնավոր կարճատեսությունը


23:46, 28 մարտի, 2012

Երեւութական որոշ դադարից հետո Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի Բեյրութում, լիբանանցի  իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: 

Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:

Թուրք նախարարի լիբանանյան հագեցած ժամանակացույցից զատ մեկ այլ լրատվություն էր  գրավում երկրում թուրքական շարժումների հետեւողների ուշադրությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ առաջիկա օրերին մարոնի պատրիարք Պշարա Ռային մեկնելու է Թուրքիա:

Լրատվությունը անմիջապես վերհիշեցնում է նախարար Դավութօղլուի Լիբանան կատարած վերջին այցելության ընթացքում բարձրացված հարցը` Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների  եւ իսլամ հոգեւոր ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում երկխոսություն կազմակերպելու անհրաժեշտությունը: Այս հարցը արծարծվել էր լիբանանյան համայնքի հոգեւոր մի շարք  պետերի եւ հատկապես Ռայի պատրիարքի եւ նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ:

Պատրիարքի այս այցելության նպատակն ու բնույթը պաշտոնապես չեն նշվում, այսուհանդերձ,  մամուլի մի շարք ներկայացուցիչներ պատրիարքի հետ կապված Թուրքիայում տեղի ունենալիք հոգեւոր գործունեության որոշ մանրամասնություններ են հաղորդում: Պարզ է, որ առաջադրված ընդհանուր նպատակի` քրիստոնյա-իսլամ երկխոսություն ծավալելու նախապատրաստությունն է, որ կատարվում է այս ձեւով:

Ավելի ընկալելի էր դառնում պատրիարքի այցելությունը Թուրքիա, եթե այնտեղ գոյություն ունենար մարոնի նկատելի համայնք: Այս տրամաբանությունից մեկնելով չի բացառվում, որ Ռայի պատրիարքի այցելության հետեւում Անկարայի համապատասխան կառույցների հրավերով Թուրքիա մեկնեն լիբանանյան այլ համայնքների հոգեւոր պետերը:

Վերադառնանք կրթության եւ մշակույթի ոլորտներին: Թուրքական մշակութային կենտրոնը՝ Անկարայի կողմից հովանավորվող դպրոցներին առընթեր, ենթադրում է լիբանանյան հանրության որոշ խավի հետ այլեւս կառուցված մնայուն հաղորդակցություն: Թուրքերենի դասընթացներ, Թուրքիայի մշակույթի հետ ծանոթացում, ամենայն հավանականությամբ, թուրքական մշակութային միջոցառումների կազմակերպում եւ համապատասխան գործունեության ծավալում:

Այս բոլորը նախանշում են, որ Անկարան հավակնոտ եւ համարձակ քայլով առեւտրական եւ ապրանքաշրջանառության ոլորտների հետ մշակութային ներկայության նոր սկիզբ են ապահովում: Դրանից առաջ առողջապահական ոլորտն էր. Անկարան հիվանդանոցներ եւ դարմանատներ էր վերանորոգում կամ նույնիսկ նորերը կառուցում:

Շատ արագ նկատվում է, որ ընտրված ոլորտները անմեղունակ ոլորտներ են` մարդասիրական, կրթական, մշակութային եւ կրոնական երեւութական նպատակներով: Խորքում, սակայն, նոր օսմանականության ծավալման համար ուղիներ հարթող զուտ քաղաքական գործողություններ են, որոնք լիբանանյան շահերից չեն բխում:

Հարավում հիվանդանոցներ նորոգող եւ զորամիավորումներ ունեցող, հյուսիսում դպրոցներ հովանավորող, Բեյրութում մշակութային կենտրոններ բացող եւ Բեյրութ-Անկարա կրոնական կամուրջներ կառուցող Թուրքիան անարգել տեղավորվում է մայրիների երկրում: Անկարա-Դամասկոս աննախընթաց, բայց կարճատեւ մերձեցումը պետք է բավարար հուշարարի դեր կատարի պաշտոնական Բեյրութի համար՝ նոր օսմանականներին հյուրընկալելու եւ նրանց կողմից հյուրընկալվելու պահերին:

Այս վտանգը միայն հայկական հայեցակետ չէ, որ ունի: Շատ անմիջականորեն այն լիբանանյան տեսադաշտում է: Վտանգի այս տեսանելիությունը համալիբանանյան ակնոցներով հստակ է, եթե, անշուշտ, միտումնավոր կարճատեսությամբ մոտեցող կողմերը պարզապես ցանկություն չունենան նկատել իրադրությունների հետևում կանգնած քաղաքական շարժառիթները:

Շահան Գանտահարեան 
«Ազդակի» գլխավոր խմբագիր


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»