21:29, 28 սեպտեմբերի, 2011Հայ-գերմանական զարգացման համագործակցության շրջանակում այս տարի Գորիսի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել: Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով, այն նախատեսված է, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղում ներկայացնել տեղական իշխանությանն ուղղված նամակը, ստանալ պատասխանը: Բացի այդ, գրասենյակում տրամադրվում են տեղեկանքներ, իրականացվում է հողի, գույքի հարկի, տեղական տուրքի հաշվառում եւ գանձում, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների տրամադրում, ինչպես նաեւ` խորհրդատվություն է մատուցվում քաղաքաշինության ոլորտում, գրանցում համայնքի ղեկավարի մոտ ընդունելության համար:
Թե որքանով է արդյունավետ գործում քաղաքացիների սպասարկման գրասենյակը, առայժմ դժվար է գնահատել, որովհետեւ, ըստ էության, քաղաքացիները դեռեւս նախընտրում են իրենց մտահոգող խնդիրների համար անձամբ դիմել համայնքային իշխանության ղեկավարին, որի համար «ոչ ժամ կա, ոչ էլ պատարագ»: «Ամեն րոպե ինձ մոտ ընդունելություն է»,- ասում է համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը:
Իսկ աշխատակազմի քարտուղարի խոսքով` «քաղաքում բոլորը գիտեն, որ ուրբաթն ընդունելության օր է», եւ քաղաքապետի ընդունելության օրվա, ժամի մասին քաղաքապետարանում ցուցանակ կախելն իմաստ չունի:
Ի դեպ, քաղաքապետարանի տարածքում բացակայում է ոչ միայն համայնքի ղեկավարի ընդունելության մասին ցուցանակը, այլեւ առհասարակ, բացի աշխատակազմի կանոնակարգից, ստորագրությունների նմուշներով ներկայացված հաստիքացուցակից, որեւէ տեղեկատվություն չկա, ինչպես, օրինակ, ավագանու վերջին նիստի որոշումը կամ հանրային նշանակություն ունեցող որեւէ տեղեկություն:
2011 թ. համայնքային իշխանությունը քաղաքացիներից ստացել է 660 դիմում, որոնց հիմնական մասը վերաբերում է հողահատկացմանը, բնակելի տների հասցեավորմանը, սոցիալական խնդիրներին, մասնավորապես, դրամական աջակցություն ստանալուն: Վերջինիս դեպքում, համայնքային իշխանության ղեկավարի որոշմամբ, դրամական օգնություն է հատկացվում անգամ` 5 հազար դրամի չափով:
«Համայնքային իշխանությանն ուղղված բազմաթիվ նամակներ տեղ են հասնում ավագանիների միջոցով»,- ասում է աշխատակազմի քարտուղար Գ. Հայրապետյանը, նշելով նաեւ, որ չնայած քաղաքապետարանի շենքում ավագանիների համար առանձին սենյակ է հատկացվել, այնուամենայնիվ, այն գրեթե չի օգտագործվում, եթե ընտրողների ու ավագանու անդամների միջեւ հանդիպումներ էլ լինում են, ապա` քաղաքապետարանից դուրս:
Աշխատակազմի քարտուղարի խոսքով` ավագանու 15 անդամների մի մասն ակտիվ համագործակցում է աշխատակազմի հետ, սակայն մեծ թիվ է կազմում նաեւ նրանց բացակայությունն ավագանու նիստերին:
«Ավագանու երկու անդամներ բնակվում են Երեւանում, անցած տարի ընդամենը մեկ նիստի են մասնակցել, իսկ 2011 թ.-ին` ոչ մի»,- ասում Է Գ.Հայրապետյանը:
Վերջինս հավելեց, որ ապրիլին կայացած ավագանու նիստում քննարկվել է նիստերից ավելի հաճախ բացակայող ավագանիների եւ առհասարակ, չմասնակցողների հարցը, սակայն իրավիճակը որեւէ կերպ չի փոխվել:
Չնայած օրենքով այդ հարցը նույնպես կարգավորված է. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստն սկսվելու պահից եթե նա «մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից»:
Ավագանիների պասիվության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում նաեւ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ասելով, որ նրանց հիմնական մասը խուսափում է մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունից եւ այդ պատճառով հանձնաժողովների գործունեությունը հիմնականում ձեւական բնույթ է կրում:
Ինչպես ձեւական բնույթ է կրում այն, որ քաղաքի որոշ ընտրատարածքներում ընտրողները տեղական իշխանություններում իրենց շահերը ներկայացնողներ ունեն:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3780 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2654 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 2028 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1634 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1631 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1457 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը