«Իմ ամբողջ դժբախտությունն այն է, որ երկու որդիներս էլ հայի ձեռքով գնացին, ցավում եմ շատ. վրեժս այլ ազգից պետք է հանեի»

13:19, 10 փետրվարի, 2012

«Վիտյա, չե՞ս վախենում: Ախր կարող են գալ հենց դռան մեջ խփել: Չե՞ս տեսնում՝ շուրջն ինչ է»,- տագնապով հարցնում է ազգային հերոս Վիտյա Այվազյանի մայրը՝ Կիմա Ավագյանը, որդու մահվանից մեկ օր առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 28-ին: Վիտյան մեկ բառով է պատասխանում՝ երբեք:

Մտահոգ, լարված, բայց մորը հանգստացնելու համար ուժ է գտնում և կատակում վրացերեն իր սիրած նախադասությամբ «վարիանտի արարիսա»: Նորից լրջանում է և ավելացնում. «Ես ճիշտ տեղում եմ և չեմ նահանջելու»:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ի երեկոյան, երբ Վիտյան տուն է գալիս, ինչ-որ հեռախոսազանգ է հնչում: Պատասխանում է ու արագ դուրս գնում: «Վճռականությամբ փակեց դուռը, որը երբեք էլ չէր բացելու»,- հիշում է Վիտյա Այվազյանի կինը՝ Կարինե Վասիլյանը:

«Նա գնացել էր համերաշխության կոչով, գնացել էր հայ մարդուն հայերեն խոսք ասելու… Ինքնաձիգը չէր վերցրել. «Ես ինչ գործ ունեմ սրա հետ, հո հայի վրա չեմ կրակելու»»,- հիշում է հերոսի կինը:

Կրակոցներ, այնուամենայնիվ, եղան. Վիտյայի դուրս գալուց քիչ հետո կայծակնային արագությամբ տարածվեց Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշի) մահվան լուրը:

Նրանց մահվան անմիջական տպավորության տակ բանաստեղծ Վահագն Դավթյանը գրել էր. «Ես կյանքում նրանց չէի տեսել… Ես դագաղում տեսա նրանց ու աչքերս փակեցի: Հաջորդ վայրկյանին իմ ներսում կայծակ էր ու տեղատարափ… Ինքն իրեն պատեպատ զարկող մի հարց՝ ինչպես է մարդու ձեռքը կարողացել բարձրանալ ասպետորեն այսքան գեղեցիկ, գեղեցկորեն այսքան հպարտ և հպարտորեն այսքան ազնիվ մեր զավակների, ձեր զավակների, իմ զավակների վրա… Նրանք իմ կրտսեր ընկերների ընկերներն էին, ես լսել էի նրանց մասին: Մեր ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից էին նրանք նետվել փոթորկի մեջ և այդ փոթորկի միջով այնպես էին քայլել, ինչպես իրենց նախնիները՝«Էրգրի ֆիդայիները…»»:

1988 թվականին Այվազյանների ընտանիքն էլ էր մասնակցում ՀՀ-ում անցկացվող հանրահավաքներին ու ցույցերին: Նրանց տանն էլ ամենօրյա բուռն քննարկումներ էին լինում,որոնց ամենաքիչը Վիտյան էր մասնակցում: Հարազատները նույնիսկ չգիտեին, որ էլեկտրալամպերի գործարանում կազմակերպել և ղեկավարում է «Ղարաբաղ» կոմիտեն: Լուրջ գործունեություն էր ծավալում. իրենց ամառանոցը թաքստարանի էր վերածվել՝ արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքով:

«1988 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում հայ երիտասարդի սպանության դեպքից հետո իմացանք: Ցույցերից մեկի ժամանակ, որին ես էլ էի մասնակցում, բեմից հաղորդեցին, թե ովքեր ունեն տեղեկություններ, դեպքի հետ կապված մանրամասներ, լուսանկարներ, կարող մոտենալ և հանձնել Վիտյա Այվազյանին: Զարմացա, ինչպես թե… իմ եղբայրը… Ճեղքելով բազմության շարքերը՝ մոտեցա և տեսա, որ նրա անվանակիցը չէ, ոչ էլ այլ մարդ է. մեր Վիտյան է»,- հիշում է հերոսի քույրը՝ հեռուստալրագրող Տիրուհի Այվազյանը:

Այդ դեպքից հետո միայն ընտանիքի համար պարզ է դառնում, որ Վիտյան ակտիվիստ է, հասարակական բուռն գործունեություն է ծավալում: «Հայրս մի քանի անգամ փորձեց հետ պահել, բայց ապարդյուն, Վիտյան անդառնալի էր»,- ասում է քույրը:

1988թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժի լուրն առնելուն պես մեկնում է աղետի գոտի: Փլատակներից դեռ ողջ մարդկանց և արդեն անշունչ մարմիններ է հանում, կազմակերպում աղետից տուժած երեխաների ծնողների որոնման աշխատանքները:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո նա ընկերների հետ փորձում է բանտից ազատել նրանց: Սակայն1989 թ. հունվարի 12-ին ինքն էլ է ձերբակալվում և Նուբարաշենի բանտում մնում համարյա մեկ ամիս:

ՀՀՇ առաջին համագումարում ընտրվում է վարչության անդամ, Հայաստանի երկրապահ ջոկատների առաջին անդամներից էր: Մասնակցում է կամավորական շարժմանը, նրա պատասխանատվությամբ էին կամավորներն ապահովվում հագուստով, պարենով, զենք ու զինամթերքով:

1990թ. Շենգավիթի շրջանի թիվ 8 տեղամասում ընտրվում է Գերագույն խորհրդի պատգամավոր, ներգրավվում պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներում:

1990թ. օգոստոսին, երբ Հայաստանում քաղաքական վիճակը բարդացել էր, կարիք կար միավորելու Հայաստանի զինված ջոկատները, զինաթափել կասկածելի մարդկանց: Ներքին անկայունությունը վերածվում էր կռիվների: Վիտյան խաղաղության և եղբայրության կոչով առաջին շարքերում էր:

Վիտյա Այվազյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 29-ին Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում: Տոհմիկ ալաշկերտցի է: Ընտանիքում երեքն էին ՝Վիտյան, Վահանը և Տիրուհին: 1960թ. երիտասարդ ընտանիքը տեղափոխվում է Երևան: Բայց Արթիկը չօտարվեց: Ամեն անգամ, երբ հնարավորություն էր լինում, Վիտյան գնում էր այնտեղ, հպարտանում ծագումով ալաշկերտցի իր հերոսական պապով:

Դեռ մանկուց զուսպ էր, քչախոս, հավասարակշռված: Մայրը հիշում է միակ դեպքը, երբ Վիտյային ապտակել է. «Ձեռնափերս ցավում էին… Ախր, Վիտյաս ճիշտ էր. ծեծել էր երես առած տղաների, ովքեր փորձել էին մյուսներին ճնշել, դպրոցից ծնող էին կանչել»:

Սովորել է Լ. Շանթի անվան թիվ 71 դպրոցում: 8-րդ դասարանից տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց: 1972 թ. ընդունվել է համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետի մեխանիկայի բաժին:

Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով տիկին Կիմային պատմել է. «Երբ նախագահությունից տեսնում էի, որ Վիտյան բեղերն է ոլորում, մեկին խնդրում էի, որ նրան դահլիճից դուրս հանեն. դա ափերից դուրս գալու նրա նշանն էր»:

Յուրա Դալլաքյանը, ով նրա հետ աշխատել է էլեկտրալամպերի գործարանում, հիշում է. «Նրա աչքերին գոնե մեկ անգամ նայած մարդը չէր կարող կասկածել, որ Վիտյան հերոս է՝ ճանապարհ բացող, ոչ մի դժվարության և նույնիսկ մահվան առաջ չընկրկող: Դաստիարակված և կիրթ մարդու տիպար էր»:

Վիտյայի մահվան պատճառները ընտանիքի, հարազատների համար մինչև այժմ էլ անհայտ են մնացել: «Ես գիտեմ, որ դեպքերն այնպես չեն ընթացել, ինչպես մատուցվում էր: Ասում էին, թե ՀԱԲ-ի շենքից 16 մետր հեռավորության վրա են խփել Վիտյային: Երբ հաշվարկներ էինք կատարում և մոտենում նշված վայրին, պատի վրա կրակոցի հետքեր կային, բայց արյուն չկար: Վիտյայիս սպանության մեջ մեղադրեցին խեղճուկրակ մեկին՝ Արմեն Ադիլխանյանին, ով 9 տարի ազատազրկման դատապարտվեց: Այդ տղան տառապում էր հավկուրությամբ ու չէր կարող 16 մետրից, այն էլ գիշերով կրակել ինչ-որ մեկի վրա»,- ասում է Վիտյայի մայրը:

Նա հավելում է, որ Վիտյա Այվազյանի սպանությունից 2 տարի անց անհայտ հանգամանքներում սպանվել է եղբայրը՝ Վահանը: Վահանը ապրում էր Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն էր:

«Վահանի սպանության գործով դատը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում և մնաց անավարտ: Մինչև օրս պահում ենք ռուս փաստաբանի տեսագրված խոսքը, որտեղ ասում է, որ Վահան Այվազյանի մահը քաղաքական պատվերի հետևանք է»,- ասում է Կիմա Ավագյանը:

Վիտյա Այվազյանի սպանությունից մի քանի տարի անց՝1996 թ. սեպտեմբերի 20-ին, նրան շնորհում են ազգային հերոսի կոչում:

Այժմ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը նրա անունն է կրում:

Հրաչուհի Ալմաստյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս