ՀՀԿ-ի նախընտրական խաղը. երկու Հակոբ Հակոբյաններից ո՞վ է «իսկականը»
23:33, 22 մարտի, 2012Մինչ իշխող' Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, թե մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցնելու են արդար, մրցակցային եւ ազնիվ եղանակով, արդեն ի հայտ են գալիս ՀՀԿ-ի «խորամանկությունները»:
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարում է այդ տարածքից պատգամավոր Սեդրակ Սարոյանին՝ Գեներալ Սեյրանին: Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Վերջինիս «բախտը» կարծես թե այնքան էլ չի բերում, քանի որ երբ առանց իշխանությունների «դաբրոյի» որեւէ ընտրության ժամանակ իր թեկնածությունն է առաջադրում, որտեղից որտեղ հայտնվում է իշխանությունների համար հատուկ պահված «թեկնածուն» ՝ ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կենտրոնի կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանը:
Քանի որ երկուսի անուն-ազգանունն էլ նույնն է' Հակոբ Հակոբյան, եւ քաղաքացին քվեախցիկ մտնելիս դժվար թե հայրանուններից տարբերի, թե ով է էջմիածնեցի Հակոբյանը, իսկ ով՝ արաբկիրցին, իշխանությունները ցանկանում են այդպիսով մոլորության մեջ գցել ընտրողին եւ «իսկական» Հակոբ Հակոբյանի ձայները կիսել: Նույն սցենարն է եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:
Իհարկե՝ ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կենտրոնի կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանը, որպես ՀՀ քաղաքացի, իրվունք ունի առաջադրվել ցանկացած ընտրատարածքում, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ է նա հայտնվում այն ժամանակ, երբ առաջադրվում է Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: