Բողոքի ակցիա` Սպիտակ տան դիմաց (լուսանկարներ)

13:15, 24 ապրիլի, 2012

ԱՄՆ-ում 31 տարի բնակվող մեր հայրենակից Արմեն Գյաղկեջյանն այս անձրևոտ օրը, Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները ձեռքին, քայլում է մնացյալ իր հայրենակիցների հետ, որոնք տարբեր կարգախոսներով և վերնաշապիկներով բողոքի ակցիայի են դուրս եկել Սպիտակ տան դիմաց:

«Այսօրվա քայլելուս պատճառն այն է, որ մենք մեր պահանջներն ունենք, և մեր իրավունքները պահանջելու համար պետք է որ հետևողական լինենք, և պայքարը պետք է շարունակվի մինչև մեր վերջին շունչը: Մենք պետք է անընդհատ աշխատենք այս ուղղությամբ և հետո տեսնենք` ինչ արդյունք կտա»,- ասաց է Արմեն Գյաղկեջյանը:

Այս շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում նախատեսված է մի քանի ակցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Այդ ակցիաներից առաջինը տեղի ունեցավ Սպիտակ տան դիմաց ապրիլի 22-ին:

«Այսօր բողոքում ենք Սպիտակ տան դիմաց, որպեսզի կոչ անենք նախագահին ճիշտ քայլ անել և հայկական ցեղասպանությունը ճանաչել, ինչպես ինքը խոստացել էր որպես նախագահական թեկնածու: Բայց այս ակցիաների ամփոփումն, անշուշտ, լինելու է Թուրքիայի դեսպանատան առջև նախատեսված ցույցը և մեր տարեկան զեկույցը ապրիլի 25-ին»,- ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը: