Երկիր կործանելու ընդունակ ընտրատեխնոլոգիա

19:44, 19 մայիսի, 2012

Ենթադրենք, ընտրությունների օրը առաջին ընտրողը մտնում է ընտրական տեղամաս, ստանում իր բյուլետենը և այն ծրարի մեջ դնելու փոխարեն, տանում է իր հետ դուրս և հանձնում պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի անդամին: Վերջինս, այդ «ընտրողին» մուծելով պայմանավորված չափի ընտրակաշառք, դատարկ բյուլետենի վրա կատարում է ցանկալի նշում և բյուլետենը հանձնում է հաջորդ ընտրողին, որը ընտրական տեղամասում հանձնաժողովից ստացած իր բյուլետենը դնում է գրպանը, իսկ նշում ունեցողը տեղադրում ծրարի մեջ և հաջողությամբ «ընտրում»: Հարց է ծագում' օրինակա՞ն են արդյոք նման ընտրությունները:

Ճիշտ է, ըստ պատգամավորության թեկնածուների հայտարարությունների, իրենք համեստ դրամական միջոցների և ունեցվածքի տեր են և մյուս կողմից, ոչ մեկը մինչ օրս չի կարողացել ապացուցել, թե ասենք հինգից տասը հազարական դրամ գումարներով է պտտվել նկարագրածս կարուսելը, սակայն մենք կարող ենք ոչ թե ենթադրել, այլ հաշվի առնելով մեր աչքի առաջ տեղի ունեցող համատարած թալանը կամ ընտրակաշառքների մասին լայն արձագանք ստացած փաստերը, ասել, որ մեր Ազգային Ժողով մուտք են գործել նաև թալանով հարստացող զեղծարարներ:

Այն պայմաններում, երբ բարձր պաշտոնյաներն են խրախուսում ընտրակաշառք վերցնելը, բնական է համարվում, երբ ասենք մեկը կամ մի քանիսը, ընտրողներին խաբելով, կամ Քաջ Նազարի նման բախտի քմահաճույքով է հայտնվում ազգային ժողովում: Սակայն այս տողերը ոչ թե այդ նազարների առանց այն էլ ի ցույց աշխարհին եղած տգիտությունը շեշտելու նպատակով եմ գրում, այլ գրում եմ հասարակայնությանը, Ազգային ժողովին և պետական անվտանգության մարմիններին գոյություն ունեցող մեր պետությունը կործանելու ընդունակ ընտրատեխնոլոգիայի վրա ուշադրություն հրավիրելու և ընտրական նոր օրենք ստեղծելու անհրաժեշտությունը շեշտելու նպատակով:

Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ոչ թե մեկը կամ երկուսն, այլ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ընտրվեն պետական և սեփական միջոցները թալանած ավազակները: Այդ դեպքում թալանն ու կաշառակերությունը բոլոր ոլորտներում համատարած կիշխի և այն պարզ պատճառով, որ իրենց դիպլոմները մեր բժիշկները, ուսուցիչները և այլ մասնագետները ձեռք կբերեն միայն կաշառքի միջոցով' նրանք արհեստավարժ չեն լինի: Իշխանավորները քաղաքացիներից տարբեր խարդավանքներով կխլեն բնակարանները, ունեցվածքը՝ թողնելով նրանց փողոցում: Կսպանեն. կսպանեն սեփական կարծիք ունենալու դիմաց, կսպանեն ոստիկանները, կսպանեն հազարավոր զինվորների, և բոլոր սպանությոնները «օրինականորեն» կկոծկեն: Բանը կհասնի նրան, որ փողոց նետված մարդ արարածին այլևս ոչ մեկը մարդ չի համարի, և նա անձնագիր ունենալու իր իրավունքը հաստատելու համար ոտքերը տախտակների վրա կգամի:
Ասում եմ և նկատում. այս բոլորի մասին մենք արդեն լսել ենք, գիտենք: Հարց է ծագում, իսկ եթե ոչ թե մեկը կամ երկուսն են ասածս ընտրատեխնոլոգիայով ընտրվում, այլ այն արդեն համատարած տրադիցիա է դարձել: Չէ որ ընտրակաշառքի համատարած լինելու մասին արդեն նշեց նաև պետանվտանգության ամենատեղեկացված պաշտոնյան' Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն չի բացառվում, որ արդեն ընտրահանձնաժողովների գրեթե բոլոր անդամներն են նշանակվում «ամենավստահելիները» և նրանց համար բոլորովին դժվար չէ ընտրատեղամաս երկրորդ անգամ մուտք գործած նույնքան վստահելի ընտրողին կրկին տալ արտերկիր մեկնածի ընտրաբյուլետենը:

Աշխարհում չի կարող գոյություն ունենալ մարդկային օրենք, որը եղեռնը հիմք ընդունելով, հայերին պատկանող Հայաստանը նվիրի եղեռնագործին: Իսկ դատելով այն բանից, որ մեր երկրում կան ֆուտբոլի խաղը քաղաքականության հետ շփոթողներ, ապա իրավունք ունենք մեր երկիրը ավազակապետության վերածվելու մասին բոլոր ակնհայտ նշանները հիմք ընդունելով, ասել, որ նման «ընտրյալները» մեր երկիրը անապատի վերածելուց հետո կարող են այն ասածս ընտրատեխնոլոգիայով ղեկավարվող հանրաքվեով կամ մեկ ստորագրությանբ վաճառել:

Հասկանալի է, ընրակաշառքը կամ ասածս ընտրատեխնոլոգիան մեր երկրի գոյատևման համար մեծ վտանգ է պարունակում և այդ պատճառով նորընտիր Ազգային ժողովը իր մոտակա նիստերից մեկում, արտահերթ կքննարկի և կընդունի, իշխանությունը զավթող ավազակներից երկիրը փրկող օրենք: Իմ կարծիքով, ընտրական տեղամասերում ընտրաբյուլետենները ընտրողներին պետք է հանձնի ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամը, այլ բանկոմատ կոչվող սարքերին նմանություն ունեցող և անձնագրի համարը ընթեռնել կարողացող սարքը: Իսկ ընտրական հանձնաժողովների անդամները, դիտորդների հետ համատեղ, ընդամենը պետք է ստուգեն անձը հաստատող փաստաթղթի և տվյալ անձի ինքնության համապատասխանությունը, քվեարկման գործընթացը:
Իսկ եթե ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չի ուզում գոնե Արթուր Բաղդասարյանի նման նկատել ընտրակաշառքով ղեկավարվող կործանարար ընտրատեխնոլոգիան, այդ դեպքում եզրահանգումը թողնում եմ Ձեզ:

Թիվ 32/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ' Վեհարի Առաքելյան

15.05.2012 թ.