Համոզված եմ, որ կան ապագա Սերգեյ Խաչատրյաններ. Էդուարդ Թոփչյան

18:28, 7 սեպտեմբերի, 2012

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013 թթ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

Այս մասին այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացավ ասուլիսով, որին ներկա էր նաեւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Ավելի քան մեկ ամիս տեւող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի տասնմեկ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ` միջազգային արտիստների եւ Ֆիլհարմոնիկի երաժիշտների մասնակցությամբ:

Հրավիրյալները նաեւ վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:

«Փառատոնը կբացվի Ալեքսանդր Հարությունյանի և Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով և կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանը նշող համերգով, որին ընթացքում ելույթ կունենա հենց ինքը` լեգենդար կոմպոզիտորը»,-նշեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Ասուլիսի ընթացքում Թոփչյանը ներկայացրեց նաեւ գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսին, ով երեք օր է, ինչ աշխատում է Ֆիլհարմոնիկի հետ, բայց հասցրել է արդեն իսկ վարպետության դասեր անցկացնել Հայաստանում:

Էդուարդ Թոփչյանն անդրադարձավ նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներ ունենալու անհրաժեշտության խնդրին. «Ես վստահ եմ, որ, օրինակ, Վեդիի շրջանում կան Սերգեյ Խաչատրյաններ, եւ  նույնիսկ իրենք չգիտեն այդ մասին, բայց պետք է համապատասխան ճանապարհ անցնեն Սերգեյ Խաչատրյան դառնալու համար: Ամենաաղքատ երկրում կարող է լինել մի շատ հարուստ մարդ, բայց դա չի նշանակում, որ երկիրը հարուստ է:Լավ կլինի այն ժամանակ, երբ մենք տասնյակներով լավ նվագողներ ունենանք»:

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Փառատոնի ծրագիրը ներառում է նաեւ երկու հատուկ նշանակության համերգային ծրագիր. սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը ֆիլհարմոնիկը կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին, իսկ սեպտեմբերի 29-ին` Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: