Մերկապար՝ Շերամի փողոցում

19:05, 10 սեպտեմբերի, 2012

Իսկ քաղաքացիների բողոքները շարունակում են տեղ չհասնել

«Եվ այսպես… մեր շենքերի դիմաց (Շերամի փողոցի՝ 57, 59, 71) վերջերս բացեցին «Ցենզուրա» գիշերային ակումբը: Քանի դեռ նոր էր, և շատ մարդիկ տեղը չգիտեին, այն որոշ բնակիչների անհանգստացնում էր միայն իր վառ թարթող լույսերով: Գնալով կենացները սկսեցին թանկանալ, և արդյունքում ես և հարակից 4-5 շենքերի բնակիչների մեծամասնությունը ներկա դրությամբ բախտավորություն կհամարենք, եթե շաբաթվա մեջ 1-2 գիշեր նորմալ քնել կարողանանք: Նախ որ ակումբի երաժշտությունը կարող է հնչել մինչև առավոտյան 5-6-ը, դրան գումարվում են մագերը «զլած» մեքենաների անցուդարձը, գիշերային բարձրաձայն խոսակցություններն ու կատարները տաքացրած հաճախորդների վիճաբանությունները»:

Այս գրառումը Արման Ղարագուլյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր շուրջ 3 շաբաթ առաջ: Բողոքը միայն ֆեյսբուքյան չէր: Իր իրավունքների վերականգնման համար նա նախ զանգահարել էր Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի թեժ գիծ: «Ի զարմանս ինձ, տվեցին կոմունալ վարչության հեռախոսահամարը և խնդրեցին կապվել նրանց հետ, ովքեր, սակայն, այդպես էլ չհասկացան, թե ինչ կապ ունեն այդ խնդրի հետ: Ինչպես հումորով նկատեց կոմունալ վարչության աշխատակիցը, թաղապետարանում միայն իրենց համարը գիտեն»,- ասում է քաղաքացին մեզ հետ ունեցած զրույցում:

Հաջորդ զանգը կատարել է քաղաքապետարան, որտեղից տեղեկացնում են, որ աղմուկի խնդիրը հիմա վերահսկում են թաղային ոստիկանները: Տեղի թաղայինը, սակայն, նշելով, որ ակումբը «Հաղթանակ» թաղամասի տարածքում է (իր տարածքից դուրս է), այնուամենայնիվ խորհուրդ է տալիս բնակիչների ստորագրությամբ դիմում ուղարկել քաղաքապետարան:

Քաղաքացիները, հաշվի առնելով քաղաքապետարանի հետ նախապես ունեցած հեռախոսազրույցը, հարակից 2 շենքերի բնակիչների ստորագրություններով նամակը միանգամից ուղղում են ՀՀ կառավարությանը: Կառավարությունը նամակը վերահասցեագրում է ոչ թե քաղաքապետարան, այլ ՀՀ ոստիկանություն, որն էլ գործը հանձնարարում է թաղային ոստիկանին: Ամսի 6-ից թաղային ոստիկանը պաշտոնապես զբաղվում է այս հարցով: Բնակիչները, սակայն, խնդրի լուծման մասին առայժմ չեն էլ մտածում, որովհետև մինչ իրավասու մարմինները զբաղվում են հարցով, ակումբը շարունակում է իր գիշերային աղմուկը սովորական ռիթմով, հետ չեն մնում նաև վերջինիս հաճախորդներն ու հյուրերը:

Իսկ այս առավոտ բնակիչներին նաև անակնկալ էր սպասում: Հերթական անգամ աղմուկից արթնացած քաղաքացիների աչքի առաջ բացվում է փողոցային մերկապարի տեսարանը: Վերջին օրերին աղմուկը տեսախցիկով ֆիքսող քաղաքացիները հարցով զբաղվող ոստիկանության համար արձանագրել են նաև այսօրվա միջադեպը (տեսանյութերը՝ այստեղ, նաև այստեղ):

«Մի քանի անգամ ակումբի տնօրինությանը անօգուտ դիմելուց հետո մենք փորձում ենք խնդիրը լուծել նորմալ իրավապահ քաղաքացիների նման, սակայն դուրս է գալիս, որ մինչ իրավասու մարմիններն ինչ-որ քայլեր են ձեռնարկում, գիշերային աղմուկը արդեն վերածվել է բացօթյա մերկապարի: Այսօր՝ առավոտյան, տեսանյութն ու գործին առնչվող բոլոր նյութերը ուղարկել եմ նաև քաղաքապետի ֆեյսբուքյան էջին անձնական հաղորդագրությամբ, առայժմ արձագանք չկա: Քաղաքացիների ստորագրություններով դիմում-նամակը այսօր ուղարկվել է նաև ՀՀ դատախազություն»,- ասաց Արման Ղարագուլյանը: