«Դոկտորը» փոխում է պաշտպանին

18:47, 6 փետրվարի, 2013

Թրաֆիքինգի գործով հերթական դատական նիստն է հետաձգվում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Վիճաբանության փուլ հասած դատավարությունն, արդեն 8-րդ նիստն է, որեւէ դրական արդյունք չի արձանագրում: Միայն 7 դատական նիստ հետաձգվել է ամբաստանյալներից «Դոկտոր» մականունով Սուսաննա Մ.-ի փաստաբան Մելանյա Սարգսյանի բացակայության պատճառով: Այսօր նշանակված դատական նիստին փաստաբան Սարգսյանը ներկայացել էր բժշկի թղթով, սակայն հիմա էլ, «երկու ոտքը մի մաշիկ դրած», նրա ծառայություններից էր հրաժարվում ամբաստանյալ Սուսաննա Մ.-ն:

Դատավոր Էդ. Մանուկյանն անակնկալի եկավ՝ լսելով ամբաստանյալի կտրուկ որոշումը: «Ես փոխում եմ իմ պաշտպանին, ես ուրիշ փաստաբան եմ ուզում, չեմ ուզում, որ ինքն ինձ պաշտպանի: Մի օր գալիս է, 10 օր չի գալիս, մի ամիս է՝ հիվանդ է, ես հրաժարվում եմ իրանից»,- հայտարարեց Սուսաննա Մ.-ն:

Վերջինս խնդրեց իրեն 2 շաբաթ ժամանակ տրամադրել, որ կարողանա նոր փաստաբանի հետ պայմանագիր կնքել: Դատավորը, որ կես ժամ ընդմիջում էր հայտարարել՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ խնդիր կա, եւ ինչու է այդպես կտրուկ հրաժարվում պաշտպանից ամբաստանյալը, ստիպված էր ընդմիջումից հետո բավարարել ամբաստանյալի միջնորդությունը եւ դատական նիստը նշանակել փետրվարի 27-ին: