Մանվել Սարգսյան. «Սերժ Սարգսյանի առջեւ կոշտ ուլտիմատում է դրված»

14:32, 11 մարտի, 2013

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ սկսած հացադուլին, որին միացել են նաեւ մի քանի շարքային քաղաքացիներ, նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի առջեւ կոշտ ուլտիմատում է դրված, որպեսզի նա ամեն գնով ապրիլի 9-ին չգնա երդման արարողության: Իսկ իշխանությունը տարբեր քաղաքական խաղերով փորձում է այնպես անել, որ ճնշվի ժողովրդի պահանջը:

«Հացադուլը քաղաքական պայքարի հայտնի տեխնոլոգիա է, եւ այդ տեխնոլոգիան օգտագործվել է ամբողջ աշխարհում: Պարզ է մի բան, որ կա ժողովրդի ընդվզում, եւ լայն զանգվածները գտնում են, որ գործող իշխանությունը կեղծել է ընտրությունները, եւ հիմա փորձում են լեգիտիմացնել, ինչ-որ ձեւով օրինականացնել դրանք»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Թե հացադուլը որքանով արդյունավետ կլինի, կախված է նաեւ հասարակության աջակցությունից:

Հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյոք այն քաղաքական գործիչն է, ում հնարավոր է հացադուլներով ճնշել, Մանվել Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքական գործիչներ են եղել աշխարհում, այդ թվում` Եվրոպայում, որ տեղի են տվել նման ճնշումներին: «Հայաստանում այն լիդերը չէ, որի պարագայում բացառություններ լինեն, մանավանդ հասարակությունը նոր ձեւեր է գտնում պայքարի համար: Հետեւենք, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն»,- ավելացրեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի՝ Սահմանադրական դատարանում դիմումների քննությանը, որը սկսվել է այսօր, Մանվել Սարգսյանը նշեց, թե ՍԴ-ն գրեթե միշտ կարողացել է այդ խնդիրներն իր վրայից հանել: Այդպես է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: «Հիմա իրենց շանս է տրված, տեսնենք՝ ինչ կլինի»,- ավելացրեց Մ. Սարգսյանը: