Տնտեսագիտական համալսարանն ու բրիտանական «Globe Education (GB) LTD» կազմակերպությունը համատեղ բիզնես դպրոց են հիմնում

17:49, 5 դեկտեմբերի, 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու բրիտանական «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համատեղ կհիմնադրեն «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ: Այս որոշումը ՀՀ Կառավարությունն ընդունել է այսօր կայացած նիստում:

Համատեղ բիզնես դպրոց ստեղծելու նախաձեռնությանը նախորդել են փոխադարձ այցեր: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը եղել է Լոնդոնում, որից հետո նշված կազմակերպության ներկայացուցիչները եկել են Հայաստան՝ հանդիպել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ, ծանոթացել համալսարանի կարողություններին ու հնարավորություններին, ստացել դրական տպավորություններ:

«Շուրջ մեկ տարի է` բանակցում ենք «Globe Education (GB) LTD» կազմակերպության հետ և ուրախալի է, որ այսօր Կառավարությունը թույլատրեց մեզ կյանքի կոչել համատեղ կրթական ծրագիր իրականացնելու շուրջ ձեռքբերված փոխհամաձայնությունը, այն է՝  իրականացնելու  մագիստրոսական ծրագիր: Այս նախագիծը կարևոր է Հայաստանի համար, քանի որ նման բիզնես դպրոց հիմնելով մենք հենց Հայաստանում միջազգային կրթություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում ոչ միայն մեր երկրի քաղաքացիներին, այլև տարածաշրջանի ուսանողների ն: Սա Հայաստանի կրթական համակարգի հեղինակության բարձրացմանը միտված լուրջ քայլ է և հավակնոտ ծրագիր»,- ծրագրի մասին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրութան մեջ նշել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

«Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերենով՝ «Globe Education (GB) LTD»-ի ծրագրով, որը նախատեսում է 6 պարտադիր մոդուլներ և 2 ընտրովի, որոնք հնարավոր է ընտրել 3 հնարավոր մոդուլներից: Ուսանողին հնարավորություն է տրվում նաև ընտրել ավարտական աշխատանքը, որը կարող է լինել մագիստրոսական թեզ, ուսումնասիրություն կամ բիզնես պլանի մշակում: Հեռակա դասընթացը նախատեսվում է անցկացնել վեց շաբաթը մեկ՝ 3 օրով՝ ուրբաթ երեկոյան, շաբաթ և կիրակի օրերն ամբողջությամբ, որից հետո ուսանողը կունենան 6 շաբաթ ժամանակ՝ տվյալ մոդուլի կուրսային աշխատանքի ներկայացման համար: Դասախոսական անձնակազմի զգալի մասը կլինեն «Globe Education (GB) LTD»-ի դասախոսներ: Ուսումնառության 18 ամիսների ընթացքում ուսման վարձը համատեղ բիզնես դպրոցում վճարած ուսանողը հնարավորություն է ստանում մոդուլներից ցանկացածի ընթացքում ընդգրկվել «Globe Education (GB) LTD»-ի որևէ մասնաճյուղում, որոնք գտնվում են Լոնդոնում, Բելգրադում, Կուալա Լամպուրում, Հոնգ Կոնգում և այլն:

Համատեղ ծրագրի իրականացման արդյունքում կողմերը նախնական բանավոր համաձայնության են եկել, որ «Globe Education (GB) LTD» ընկերությունը կապահովի գրադարանային ռեսուրսներով կտրամադրի հասանելիություն իր էլեկտրոնային ցանցին: Ծրագրի իրականացման համար տնտեսագիտական համալսարանն անհատույց կտրամադրի 275 քառակուսի մետր տարածք: