Արոնյանի ելույթների անփառունակ ավարտը

22:06, 30 մարտի, 2014

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Արդեն գրել ենք, որ նախավերջին տուրից հետո նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը 1,5 միավորով պոկվեց իր մրցակիցներից եւ ժամկետից շուրջ նվաճեց հավակնորդի կոչումը: 

Վերջին տուրում, կարելի է ասել, պայքար էր գնում երկրորդ տեղի համար, քանի որ հատկապես Լեւոն Արոնյանի պարագայում, որը նախավերջին պարտիայում պարտվեց Անդրեյկինին, սասանված հեղինակությունը վերականգնելու, մրցաշարը բարձր ճակատով եւ գոնե երկրորդ տեղով լքելու խնդիր կար, ըստ էության: Սակայն կատարվեց հակառակը: Վա-բանկ պարտիայում Արոնյանը, սպիտակներով մրցելով Սերգեյ Կարյակինի հետ, որին առաջին փուլում հաղթել էր սեւերով, պարտություն կրեց: Ընդ որում պարտիան տեւեց ամենաերկարը եւ ավարտվեց ուշ երեկոյան: 

Մյուս պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի` Անանդ-Սվիդլեր, Մամեդյարով-Կրամնիկ, Տոպալով-Անդրեյկին: Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է.

1.Անանդ-8,5
2.Կարյակին-7,5
3.Կրամնիկ-7
4.Մամեդյարով-7
5.Անդրեյկին-7
6.Արոնյան-6,5
7.Սվիդլեր-6,5
8.Տոպալով-6

Արոնյանը իր վերջին եւ ընդհանուր թվով 4-րդ պարտությունից հետո իջավ 6-րդ հորիզոնական, ինչը երկրորդ փուլում նրա անհաջող ելույթների հետեւանքն է: Եթե առաջին փուլում հայ շախմատիստը 1 պարտություն կրեց Անանդից, սակայն 3 հաղթանակ տարավ Մամեդյարովի, Սվիդլերի եւ Կարյակինի հանդեպ, ապա երկրորդ փուլում չտարավ ոչ մի հաղթանակ, սակայն պարտվեց Մամեդյարովին, Անդրեյկինին, Կարյակինին:

Աշխարհում իր վարկանիշով երկրորդը համարվող շախմատիստի նման ցավալի ելույթները մտահոգիչ են ոչ միայն Արոնյանի երկրպագուների, այլեւ հատկապես հենց իր համար, քանի որ, տարեսկզբին լինելով հրաշալի մարզավիճակում, Արոնյանը ձախողեց տարվա ամենակարեւոր ստուգատեսը, ինչը մտածելու, վերլուծելու, ճիշտ եզրակացություններ անելու հիմք պիտի դառնա: Այլապես շախմատային թագը գրոհելու բոլոր հետագա փորձերը նույնպես ձախողվելու են: