Հայաստանը 8 տեղով առաջադիմել է ՖԻՖԱ-ի ցուցակում

15:40, 10 ապրիլի, 2014

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային ընտրանին, որը նախորդ ամիս ռեկորդային 30-րդ տեղից նահանջել էր մինչեւ 41-րդ տեղ, այսօրվա դրությամբ 33-րդն է՝ ունենալով 750 վարկանիշային միավոր: Մեր թիմը չնայած հաշվետու ժամանակահատվածում խաղ չի անցկացրել, սակայն բարձրացել է ուրիշների անկման ֆոնին: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Գերմանիան երկրորդն է: Լավագույն հնգյակում են Պորտուգալիան, Կոլումբիան, Ուրուգվայը: Արգենտինան 3-րդից նահանջել է 6-րդ տեղ, նրա հետ նույն հորիզոնականը կիսում է Բրազիլիան, լավագույն 10-նյակը եզրափակում են Շվեյցարիան, Իտալիան, Հունաստանը:

«Եվրո-2016»-ի մեր մրցակցիներից լավագույնը Պորտուգալիան է (3), որը բարձրացել է 1 տեղով, Դանիան նույնքան տեղով իջել է եւ հիմա 23-րդն է, Սերբիան էլ 2 կետով նահանջել է 30-րդ տեղ: Ալբանիան էլ 16 տեղով իջել է մինչեւ 70-րդ հորիզոնական:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (17), որին հաջորդում է Ռուսաստանը (18): Մյուսները հետ են Հայաստանի ընտրանուց, ընդ որում՝ ուզբեկները, որոնք ամենամոտն են մեզ, 53-րդն են, այսինքն՝ Հայաստանի ընտրանուն զիջում են 20 կետով:

Տարածաշրջանում լավագույնը կրկին մեր հավաքականն է, որի առաջընթացին զուգահեռ Թուրքիան նահանջել է: Վերջինս 38-ից իջել է 39-րդ տեղ, Իրանը 5 տեղով բարձրացել է եւ հիմա 37-րդն է: Ադրբեջանը 6 կետով բարձրացել է 85-րդ տեղ, որը այս երկրի պատմության մեջ ռեկորդ է, իսկ Վրաստանը 4 տեղով նահանջել է 103-րդ հորիզոնական:

Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին մեր ազգայինը Ժնեւում կհանդիպի աշխարհի գալիք առաջնության մասնակիցներից Ալժիրի, իսկ հունիսի 6-ին Մայնցում՝ Գերմանիայի հետ: Աշխարհի եռակի չեմպիոն գերմանացիները պահպանել են իրենց դասակարգման աղյուսակում 2-րդ տեղը, իսկ Ալժիրը՝ 25-րդ տեղը: Ապրիլի 4-ին ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ մեր թիմը մայիսի 25-ին մրցելու է նաեւ Իրաքի հավաքականի հետ: Վերջինս այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակի 100-րդ տեղում է, որը 3 կետով բարձր է նախորդ ցուցանիշից: 

ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ ցուցակը կհրապարակվի մայիսի 8-ին:    

Լուս.՝ ffa.am