ՀՀԿ-ն հանրախանութը վաճառել է իր կուսակից պատգամավորի եղբորը

23:42, 16 ապրիլի, 2014

ՀՀԿ-ն իր սեփականություն հանդիսացող Կապանի նախկին հանրախանութի շենքը վաճառել է կապանցի Արարատ Կարապետյանին, որը մարզկենտրոնում հայտնի Կարապետյան եղբայրներից մեկն է: Նրանցից այսօր առավել հայտնի է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը: Իսկ Արարատին ճանաչում են իբրեւ Կապանի ճանշինի կամ «Կապանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՍՊԸ-ի հիմնադիր:

Կապանի ներկա քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ նախկին հանրախանութի փոխարեն կառուցվելու է բիզնես կենտրոն: Մինչ այս քառահարկ հանրախանութի առաջին երկու հարկերում գործում էր առեւտրի գոտի, որտեղ աշխատում էին մասնավոր անձինք: Իսկ չորրորդ հարկում, ի թիվս այլ ՀԿ-ների, գտնվում էր սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի «Սյունյաց արծիվներ» (այժմ` «Հայոց արծիվներ») կազմակերպության գրասենյակը:

Հանրախանութում առեւտրով զբաղվող կապանցիները, իմանալով շենքի վաճառքի մասին, նախորդ տարի ցույցեր էին կազմակերպել մարզպետարանի առաջ, սակայն դա որեւէ արդյունք չտվեց: Այժմ նրանք առեւտուր են անում քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես` Կապանի շուկայում, որը պատկանում է «Կապանի գյուղմթերքների շուկա» ՍՊԸ-ին, իսկ սա էլ` ԵԿՄ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Մանվել Օհանյանին: Շեշտենք, որ շուկան ներկայում գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, եւ շենքի ներսը գրեթե դատարկ է, իսկ առեւտրականները տեղավորվել են դրսի տաղավարներում:

Ինչ վերաբերում է հանրախանութի շենքին, ապա այնտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Կարապետյան եղբայրներից Արմենի ունեցվածքին «Հետքն» առիթ ունեցել է անդրադառնալու: Ավելացնենք միայն, որ, ըստ կապանցիների, ՀՀԿ-ական պատգամավորն է կառուցել քաղաքային մարզադաշտի հարեւանությամբ գտնվող «Ոսկե Կապան» հյուրանոցը: