Համալիրի հերթական չկայացած աճուրդը. ինչի՞ է սպասում ֆիննախը

19:11, 29 հուլիսի, 2014

Այսօր ավարտվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հինգերորդ հարկադիր աճուրդը: Ավելի ճիշտ այն պարզապես չի կայացել, քանի որ գնային առաջարկ չի արվել: Օրենքի համաձայն՝ գնորդ չհայտնվելուց հետո հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եւ հայտարարվում է նորը, որում լոտի գնային առաջարկը իջեցվում է 10 տոկոսով: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԴԱՀԿԾ-ի կողմից աճուրդի հանված շինության մեկնարկային գին էր սահմանվել 19,3 մլրդ դրամը, իսկ այսօր՝ ժամը 13:00-ին փակված հինգերորդ աճուրդում այդ գինն արդեն 12,6 մլրդ էր:    

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով՝ «յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը»: Նույն օրենքը սահմանում է նաեւ, որ «երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 

Ինչպես հայտնի է, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն վարկային պարտավորություն է ստանձնել ֆինանսների նախարարության հետ 2012-ի սեպտեմբերին կնքված պայմանագրով, իսկ վարկի ապահովման միջոցը ընկերության անշարժ գույքն էր: Նույն տարվա դեկտեմբերին կառավարությունն այս պայմանագրից եւ անշարժ գույքի հաջորդող գրավից բխող իրավունքների իրականացման լիազորությունը վերապահել էր պաշտպանության նախարարությանը։ Սակայն դատական ատյանում ՓԲԸ-ի դեմ հայցերով իբրեւ համահայցվոր հանդես են եկել թե ՖՆ-ն, թե ՊՆ-ն:

Վերը նշեցինք, որ «ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»: Կառավարության որոշմամբ՝ նման իրավունք ունի միայն ֆիննախը: Եվ ուրեմն ստացվում է, որ ֆիննախը կարող է այս երկու աշխատանքային օրերի ընթացքում ընդունել համալիրի շենքը 12,6 մլրդ դրամով: Սակայն քանի որ ՓԲԸ-ի վարկային պարտավորությունը կազմում է 10,2 մլրդ դրամ, նախարարությունը, շատ հավանական է, որ կսպասի այնքան, մինչեւ լոտի մեկնարկային գինն իջնի 10,2 մլրդ-ի շեմից, ինչը սարերի հետեւում չէ: Հերթական՝ արդեն վեցերորդ աճուրդին համալիրը կառաջարկվի 11,4 մլրդ դրամով, իսկ դրա չկայանալու դեպքում գինը կհասնի 10,2 մլրդ-ի: