Չինացիներն ու ռուսները՝ օլիմպիադայի հաղթողներ

19:49, 14 օգոստոսի, 2014

Այսօր նորվեգական Տրոմսյո քաղաքում հայտնի դարձան շախմատի օլիմպիադայի հաղթողների անունները: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը, որը նախկինում միայն 2006-ին էր մեդալ նվաճել, ընդ որում՝ արծաթ: Չինացիները վերջին տուրում 3-1 հաշվով հաղթեցին լեհերին ու 19 միավորով անհասանելի դարձան հետապնդողների համար: 2-2 ավարտվեց Հունգարիա-Ուկրաինա մրցավեճը, ռուսներն ու ադրբեջանցիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին ու ամերիկացիներին, Հնդկաստանը՝ 3,5-0,5 հաշվով՝ Ուզբեկստանին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում 3-1 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ: Արոնյանն ու Սարգսյանը հաղթեցին, Մովսեսյանն ու Հակոբյանն էլ ոչ-ոքի խաղացին: Մեր թիմը վերջնարդյունքում վաստակեց 16 միավոր՝ տանելով 6 հաղթանակ, խաղալով 4 ոչ-ոքի եւ 1 պարտություն կրելով: Սա մեր արդեն նախկին օլիմպիական չեմպիոն թիմի համար միանշանակ անհաջող ելույթ էր:

Կանանց պայքարում էլ չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը, որը անընդմեջ 3-րդ անգամ է նվաճում ոսկին: Ընդ որում՝ ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո Ռուսաստանի կանանց թիմը առաջին անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել 2010-ին ու առ այսօր պահում է առաջինի կոչումը: 2-3-րդ տեղերի համար պայքարում Չինաստանն ու Ուկրաինան ոչ-ոքի խաղացին՝ 2-2: Հենց նրանք էլ լրացրին լավագույն եռյակը: Վրաստանը 4-0 հաշվով ջախջախեց գերմանուհիներին, իսկ Հայաստանը 2,5-1,5 հաշվով հաղթեց իսպանուհիներին: Դանիելյանն ու Կուրսովան ուժեղ էին մրցակիցներից, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Գալոյանը պարտվեց:   

Լուս.՝ armchess.am