Հայաստանի հավաքականը մեկնարկում է «Եվրո-2016»-ում. այսօր` Դանիա-Հայաստան

11:04, 7 սեպտեմբերի, 2014

Այսօր` Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին, կսկսվի «Եվրո-2016»-ի ընտրական I խմբի Դանիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի ընտրանիները: Իսկ եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիան հաշվարկից դուրս հանդիպումներ կանցկացնի նշված թիմերի հետ:

Այս տարվա փետրվարին կայացել էր «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվել էին 9 խմբեր.

1.Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան
2.Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա
3.Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ
4.Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
5.Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո
6.Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերներ
7.Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Մոնտենեգրո, Մոլդովա, Լիխտենշտայն
8.Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա
9.Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա  

Ինչպես հայտնի է, «Եվրո-2016»-ին վճռական փուլին մասնակցելու իրավունք կունենա ոչ թե 16, ինչպես նախկինում էր, այլ 24 թիմեր: Իսկ եզրափակիչ փուլ կանցնեն ընտրական խմբերում առաջին երկու տեղերը գրաված ընտրանիներն ու լավագույն արդյունք ցույց տված երրորդ տեղի թիմը (ընդհանուր՝ 19 հավաքական), երրորդ հորիզոնական զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆ փուլում խաղարկելու են 4 ուղեգիր, իսկ վերջում նրանց միանալու է Ֆրանսիան:

Եզրափակիչ փուլում կազմվելու է 6 խումբ՝ 4-ական թիմով: 1/8 եզրափակիչ են անցնելու առաջին երկու տեղերը գրաված 12 թիմերն ու լավագույն արդյունք գրանցած երրորդ տեղի 4 թիմերը: Այսինքն՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ լինելու է 1/8 փուլ, այնինչ մինչ այս խմբային փուլին հաջորդում էր 1/4-ը:

Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է իր խմբում ընդգրկված բոլոր թիմերին: Ահա վիճակագրությունը.

16.08.1995, Երեւան, ԵԱ-1996, Հայաստան-Դանիա՝ 0-2
15.11.1995, Կոպենհագեն, ԵԱ-1996, Դանիա-Հայաստան՝ 3-1 (գոլի հեղինակ՝ Արթուր Պետրոսյան)
05.06.1996, Լիլլ, ընկերական խաղ, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
31.08.1996, Երեւան, ԱԱ-1998, Հայաստան-Պորտուգալիա՝ 0-0
09.11.1996, Տիրանա, ԱԱ-1998, Ալբանիա-Հայաստան՝ 1-1 (Հակոբ Տեր-Պետրոսյան)
20.08.1997, Սետուբալ, ԱԱ-1998, Պորտուգալիա-Հայաստան՝ 3-1 (Էրիկ Ասադուրյան)
06.09.1997, Երեւան, ԱԱ-1998, Հայաստան-Ալբանիա՝ 3-0 (Հարություն Վարդանյան, Էրիկ Ասադուրյան, Գառնիկ Ավալյան)
31.03.1998, Սեն Դենի, ԵԱ-2000, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
08.09.1999, Երեւան, ԵԱ-2000, Հայաստան-Ֆրանսիա՝ 2-3 (Կարապետ Միքայելյան, Արմեն Շահգելդյան)
11.10.2006, Բելգրադ, ԵԱ-2008, Սերբիա-Հայաստան՝ 3-0
22.08.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Պորտուգալիա՝ 1-1 (Ռոբերտ Արզումանյան)
13.10.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Սերբիա՝ 0-0 
17.11.2007, Լեյրիա, ԵԱ-2008, Պորտուգալիա-Հայաստան՝ 1-0
28.02.2012, Լիմասոլ, ընկերական խաղ, Սերբիա-Հայաստան՝ 2-0
11.06.2013, Կոպենհագեն, ԱԱ-2014, Դանիա-Հայաստան՝ 0-4 (Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիզ, Յուրա Մովսիսյան, Հենրիխ Մխիթարյան)
14.08.2013, Տիրանա, ընկերական խաղ, Ալբանիա-Հայաստան՝ 2-0
10.09.2013, Երեւան, ԱԱ-2014, Հայաստան-Դանիա՝ 0-1

Այսօր` 22:45-ին, կմրցեն նաեւ Պորտուգալիա-Ալբանիա եւ Սերբիա-Ֆրանսիա (հաշվարկից դուրս) զույգերը: