Մահացածի դուստրն իրականացրել է իր քննությունը

13:07, 23 հոկտեմբերի, 2014

Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը մեկ տարի է՝ բախում է տարբեր դռներ, որպեսզի պարզվեն հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները, ու մեղավորները կրեն արժանի պատիժ:

«Հետքն» անդրադարձել է Հովհանյանների ողբերգությանը: 65-ամյա բանվոր, 4 երեխաների հայր, տեղի քարի արտադրամասի («Ջի-ընդ Էյ» ՓԲԸ) աշխատակից Գյանջիրով Հովհանյանը 2013թ. հուլիսի 25-ին տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել:

Նրա մարմինը հայտնաբերվել է ծառից կախված վիճակում տնից մոտ 3 կմ հեռու: Նախաքննության վարկածն ի սկզբանե եղել է ինքնասպանությունը, սակայն մայր ու դուստր Ժաննա և Գայանե Հովհանյանները պնդում են, որ Գյանջիրով Հովհանյանին սպանել են:

Բանն այն է, որ նրանք վկա են եղել դեպքից մեկ օր առաջ իրենց ու հարևանի տան բակում տեղի ունեցածին, թե ինչպես են Գյանջիրով Հովհանյանին ահաբեկել քարի արտադրամասի սեփականատիրոջ՝ Ասլան Ավետիսյանի որդիները՝ Նարեկ ու Հովհաննես Ավետիսյանները՝ արտադրամասից գողություն անելու կասկածանքով: Սակայն երկու եղբայրների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցագործության դեպք չլինելու պատճառաբանությամբ: 

Նույնատիպ որոշումներ կայացրել է և Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը և Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը: Նախաքննական մարմինն ու դատախազությունը գտել են, որ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել: Այս որոշումների դեմ բողոք է ներկայացրել Գայանեն: Բողոքը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում:

Դատարանում Գայանե Հովհանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գարիկ Մալխասյանը դատարանում ներկայացրեց 25 էջանոց բողոքը՝ խնդրելով դատարանին վերացնել քննիչի ու մարզի դատախազի որոշումները:

Բողոքի հիմքն այն է, որ ծանր հանցագործություն կատարած անձինք մնացել են ազատության մեջ:

«Չի կատարվել օբյեկտիվ ու լիարժեք քննություն, այլ միայն Ավետիսյանների հովանավորչություն: Նախաքննության մարմինը հաճոյացել է Ասլան Ավետիսյանին»,- բողոքում ընդգծեց փաստաբան Գարիկ Մալխասյանը:

Ըստ փաստաբանի` նախաքննությունը չի պարզել բազմաթիվ հանգամանքներ. օրինակ՝ ինչո՞ւ ծառի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, եթե Գյանջիրով Հովհանյանի հագուստը արյունոտ է եղել: Չի կատարվել փորձաքննություն, թե արդյոք մահացածի ձեռքերի վրա կան ժանգի հետքեր, քանի որ մետաղալարը, որից նա կախված է եղել ժանգոտ է եղել: Ինչո՞ւ է դատաբժիշկը 5 օր ուշ կատարել Գյանջիրովի հարևանների փորձաքննությունը` այդպիսով քողարկելով ծեծի հետևանքով առաջացած թեթև ու միջին ծանրության վնասվածքները քողարկել: Ինչո՞ւ չի կատարվել հողաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե որտեղ են փոշոտվել Գյանջիրով Հովհանյանի հագուստը և կոշիկները: Ինչո՞ւ է դիակի զննությամբ ավելի շատ վնասվածք նկարագրվել, քան դատաբժշկական փորձաքննությամբ: Ինչո՞ւ են վկաները(բացի Հովհանյաններից) կանչվել հարցաքննության առանց ծանուցագրերի և այլ:

Բացի այդ, Գայանե Հովհանյանը իր դիմումով ու լրացուցիչ ցուցմունքում նշել է, որ հոր հետ կատարվածի մասին տեղեկանալու օրը իրենց տնից քիչ հեռու տեսել է սպիտակ գույնի Ջիպ տեսակի մեքենա, որից լսել է երկու տղամարդու խոսակցություն. «Ես էդ ցեխից հիմա ինչքա՞ն մասնաբաժին ունեմ, բա դու ասում էիր՝ ես փայատեր եմ, էդ մարդն արդեն դիակ ա, գոնե իմ նաֆարին երկրից հանեմ, ես տենամ ինչ եմ անում, ինձ 50.000 դոլար տուր»: Գայանեն լուսանկարել է մեկ այլ նմանատիպ մեքենա ու փոխանցել քննիչին:

«Ես մեքենաները լավ չեմ տարբերակում, դա է պատճառը, որ լուսանկարեցի նման մի մեքենա ու տվեցի իրենց, պարզվում է՝ դա Ջիպ չէր, այլ ուրիշ տեսակի մեքենա»,- ասաց Գայանեն: Սակայն քննիչը հրավիրվել է Գայանեի հիշած համարանիշերով սպիտակ Ջիպի տիրոջը, ով ապացույց է ներկայացրել, որ ինքը այդ ժամանակ Հայաստանում չի եղել:

«Հետքի» հետ զրույցում Գայանե Հովհանյանի ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանն ասաց. «Մահացածի աղջիկը՝ Գայանե Հովհանյանն այս գործով, կարծես, հանդես եկած լինի որպես վերահսկող դատախազ: Անընդհատ նա է շարժել նախաքննությունը, թե այս մի հանգամանքը պարզված չէ, պարզեք, այս փորձաքննությունը արված չէ, արեք: Իսկ քննիչն էլ ոչ թե օբյեկտիվ քննություն է արել, այլ պարզ երևում է, որ փորձել է պարզապես հերքել Գայանեի առաջ քաշած հանգամանքները: Շատ կոպիտ են խախտումները, բացթողումները շատ են: Մեր երկրում, ճիշտ է, դատական համակարգից դժվար է ակնկալիքներ ունենալ, բայց դեռ ունենք: Ակնկալիքս այն է, որ դատարանը արդար դատաքննություն իրականացնի»:

Արարատի մարզի դատախազությունից վերահսկող դատախազ Նիկողոսյանն ու քննիչ Ավետյանը ժամանակ խնդրեցին դատարանից, որպեսզի գրավոր ներկայացնեն իրենց առարկությունները:

«Ցանկություն ու պարտավորություն ունեմ գրավոր պատասխանել հնչեցված բոլոր հարցերին, որպեսզի դահլիճում նստածների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե բոլորը հանցագործ են: Փաստաբանի բողոքը լսելուց ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ գործով քննիչը, փորձագետը, բոլորը հանցագործներ են»,- ասաց վերահսկող դատախազը:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Առաջին լուսանկարում` Գայանե Հովհանյանը