Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-2

16:14, 27 հոկտեմբերի, 2014

Սկիզբը

Շարունակում ենք ներակայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում:  

Սուպերմարկետներ եւ հյուրանոցային համալիրներ 

«Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ Արտաշատ քաղաքի կենտրոնում մեծ սուպերմարկետ եւ բիզնես կենտրոն է կառուցում: Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը «Հետքին» տեղեկացրել է, որ քաղաքի Օգոստոս 23 փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 1200քմ եւ 977 քմ հողատարածքները 2010 եւ 2012 թվականներին աճուրդ վաճառքի կարգով օտարվել է «Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ին` համապատասխանաբար 6 մլն եւ 4.9 մլն դրամով: 2012թ. հենց այդ ընկերությանն էլ տրվել է այդ տարածքի շինթույլտվությունը: 

«Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն 100%-ով պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ տնօրենը նրա ազգական Գագիկ Պողոսյանն է: Կրտսեր Աբրահամյանը 43.5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատեր է դարձել 2011թ-ին:

«Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է, որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ: Իհարկե, քաղաքապետն այնտեղ մասնաբաժին ունի՝ ոչ իր անունով, բայց հիմնական դերակատարներից է նաեւ Արգամ Աբրահամյանը: Վերջինս 50/50 կիսել է «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ն Նոյեմզար Քալաջյանի հետ: Ն. Քալայջյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի կինն է, Աբովյանի քաղքապետ Կարապետ Գոլոյանի մայրը:  Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ին: 

Մխչյան գյուղի «Մեծն Արգամի» ընկերության հարեւանությամբ է գտնվում վարչապետի տիկնոջ հաջորդ ընկերությունը՝ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն: Այն երկհարկանի սուպերմարկետ է՝ առեւտրի տարբեր բաժիններով: Ընկերության հիմնադիրը դարձյալ Գագիկ Պողոսյանն է եղել: Նա ՍՊԸ-ի եկամուտները «վայելել» է մինչեւ 2014թ. ապրիլի 29-ը, դրանից հետո «Արտաշատ Սիթի»-ն ամբողջությամբ անցել է Ջուլիետա Աբրահամյանին: Վարչապետի տիկնոջ ընկերությունը ղեկավարում է Մխչյան գյուղի բնակիչ Ավագ Հովհաննիսյանը:

Այս ՍՊԸ-ի հարկերը թաքցնելու գործելաոճին «Հետքն» արդեն անդրադարձել է: «Հետքի» երեք լրագրողներ նույն օրվա տարբեր ժամերի այստեղ առեւտուր են արել, երկուսին ՀԴՄ կտոր չեն տվել, երրորդ լրագրողը պահանջել է ՀԴՄ կտրոնը, որից հետո վաճառողը հատկացրել է այն: 

Երեւանի կենտրոնում` Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կազմում է 1 միլիարդ 888 միլիոն 700 հազար դրամ (4,6 մլն դոլար): Ուշագրավ է, որ գործունեության հասցեն հստակ նշված չէ, այլ նկարագրված է` «Արտաշատ, Օգոստոսի 23-ի և Շահումյան փող. աջակողմյան խաչմերուկ»: 

Այդ տարածքում է գտնվում «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը, որը հիմնադրվել է 2011-ին:  Կենտրոնը վարձակալությամբ տրամադրում է գրասենյակային տարածքներ` փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին:  

«Hotel National» հյուրանոցային համալիրը Երևանի Ամիրյան փողոցում

Արգամ Աբրահամյանին պատկանող այդ շենքի մի հատվածն էլ զբաղեցնում է նրա «Hotel National» հյուրանոցային համալիրը: Այս շենքը նախկինում պատկանում էր Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նրա մահից հետո (2009 թ. մահացել է ավտովթարից) շենքի սեփականատերը դարձավ Արգամ Աբրահամյանը:

Նույն՝ Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված  «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2014թ. փետրվարին: Այս ընկերության միակ սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, որն անձամբ է ղեկավարում այն՝  զբաղեցնելով տնօրենի պաշտոնը: 

«Իմպերիում Պլազա»-ի գրասենյակը Արտաշատի կենցաղի տունը

 

«Դալար Բարդի» ՍՊԸ-ին է պատկանում Արտաշատի կենցաղի տունը: 2012թ-ին ՍՊԸ-ի 100% սեփականատեր է դարձել Արգամ Աբրահամյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 31.3 միլիոն դրամ: «Դալար Բարդի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնուն՝ Ռոբերտ Գասպարյանին: 

Ռ. Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ ընկերության տնօրենն ինքն է,  սակայն նշեց, որ այս պահին որեւէ գործունեություն չի ծավալում: Ըստ Ռոբերտ Գասպարյանի` այդ ընկերությունով ցանկանում է բիզնեսով զբաղվել, սակայն դեռ չի որոշել, թե ինչ գործունեություն պետք է ծավալի: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե Աբրահամյաններին պատկանող քանի՞ ընկերության տնօրեն է կամ քանի՞սն է իր անունով գրանցված, Ռ. Գասպարյանի նյարդերը տեղի տվեցին. «Բայց ինչի պիտի ձեզ ասեմ, թե ես ինչ ունեմ, դուք ոչ քննիչ եք, ոչ ոստիկան, ինչի՞ պիտի ասեմ, թե ինչով եմ զբաղվում»:

Ռոբերտ Գասպարյանն սկզբում թաքցնում էր, որ իր կինը ազգակցական կապ ունի Աբրահամյանների հետ եւ հենց այդ պատճառով է իրեն վստահվել վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների ղեկավարի պաշտոնը: Նա այդ ամենը կապում էր իր աշխատասիրության եւ ազնվության հետ, որը նկատել են Աբրահամյանները: Իսկ կնոջ ազգակցական լինելու գործոնի վերաբերյալ հարցին, Ռոբերտ Գասպարյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Փաստորեն դա էլ գիտեք…այո, իմ կինը Աբրահամյանների ազգականն է»: 

Վարչապետի որդին եւ մերձավորները` հանքարդյունաբերության ոլորտում 

«Ջուլի» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններով: 100 տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այս տարվա փետրվարի 4-ին «Ջուլի» ՍՊԸ-ին երկու տարի ժամկետով տրամադրել է թույլտվություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի Վայոց ձորի մարզի Ելփինի պղինձ-մոլիբդենային պաշարները: Նախկինում այս տարածքի օգտակար հանածոների ուսումնասիրությամբ զբաղվում էր Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Արգամիկ» ՍՊԸ-ն: 

«Արգամիկ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության մեջ է մտնում հանքերի արդյունահանումն ու շահագործումը, քարերի մշակումը, ինչպես նաեւ ձկնաբուծությամբ զբաղվելը, կենցաղային եւ տրանսպորտային ծառայություններ մատուցելը եւ այլն: 

«Ջուլի» ՍՊԸ-ն նաեւ մանրածախ առեւտրով է զբաղվում եւ խանութներ ունի Արտաշատ եւ այլ համայնքներում: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ-ին եւ ամբողջությամբ պատկանում է վարչապետի որդուն` Արգամ Աբրահամյանին: Այս ընկերության տնօրենը ևս Ռոբերտ Գասպարյանն է:

Իսկ «Արգամիկ» ՍՊԸ-ի տնօրենը Արամ Օսիկյանն է, ով մեկ այլ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության` «Ասսաթ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է: Մինչ 2013թ. նա է եղել «Ասսաթի» տնօրենը: Այս ընկերությանը 2013թ. հունիսին տրամադրվել է Լոռու մարզի Քարաբերդի կենտրոնական տեղամասի ոսկու արդյունահանման թույլտվություն, իսկ 2004թ. ստացել էր Վայոց ձորի մարզի Կաքավասարի ոսկու հանքերևակման թույլտվություն:

Հովիկ Աբրահամյանի ու Արամ Օսիկյանի մտերմությունը տարիների պատմություն ունի եւ չի բացառվում, որ վարչապետը կամ իր մերձավորները կապ ունեն նաեւ «Ասսաթ» ՍՊԸ-ի հետ:

Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը եւս հանքարդյունաբերության նկատմամբ անտարբեր չէ: Նրան է պատկանում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի 30% բաժնեմասը: Մնացած բաժնեմասը կիսում են Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Խաչատուր Աղաջանյանը՝ 30% եւ երեւանաբնակ Հասմիկ Հակոբյանը՝ 40%: Ընկերությունը ղեկավարում է Մասիս քաղաքի բնակիչ Լեւոն Միքայելյանը: 

Այս ՍՊԸ-ին 2012թ. տրամադրվել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավազի հանքի արդյունահանման թույլտվություն: Նորամարգի համայնքապետ Սարգիս Գալստյանը փոխանցեց, որ համայնքապետարանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 12 հա հողի վարձակալության պայմանագիր, որից միայն 1 հա է օգտագործվում ավազի արդյունահանման նպատակով: 

«Ավազը հանում են ոչ թե հողից այլ գետից` Սեւջուր եւ Արազի վտակներից մեկի տարածքից: Ընկերությունը 12 հա-ի համար տարեկան վճարում է մոտ 200 հազար դրամ վարձավճար»,-ասում է Ս. Գալստյանը: 

Հենրիկ Աբրահամյանի որդին` Հովհաննես Աբրահամյանը եւս ավազի հանքեր ունի: Նա  «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի 100 % բաժնետերն է: Ընկերությունը  շահագործում է Արարատի մարզի Արաքսավան համայնքի տարածքում գտնվող Արաքսի ավազանի հանքավայրը: Թույլտվությունը ստացել է 2012թ-ին: Վարչապետի եղբորորդին ավազն ստանում է հենց Արաքս գետից:

Արաքսավան համայնքի ավազահանքը

Արաքսավանի համայնքապետ Ատոմ Թադեւոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Մեծն Հովնան» ՍՊԸ-ն վարձակալության հիմունքներով շահագործում է 3հա ընդերքօգտագործման հող՝ տարեկան 247.000 դրամ վարձավճարով:  Այս գյուղում նաեւ սեփական հողամաս էլ ունեն՝ 1.6 հա մակերեսով: Ատոմ Թադեւոսյանը հիշեց, որ Աբրահամյաններն ավազի հանքավայրը շահագործում են 2004-2005թթ-ից: 

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն միակ ընկերությունն է, որտեղ որպես հիմնադիր երեւում է Հովիկ Աբրահամյանի անունը: Հիմնադիր բաժնետերերը եղել են նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, Բագրատունի Բարսեղյանը եւ Գագիկ Խաչատրյանը (ֆինանսների նախարարը չէ-հեղ.): Ավելի ուշ` 2010թ. բաժնետեր է դարձել նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Բաժնետերերը հերթով դուրս են եկել ընկերությունից (Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել 2008թ-ին) եւ միակ սեփականատեր է դարձել Տիգրան Արզաքանցյանը:

2010թ. «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել էր հանքարդյունահանման լիցենզիա` Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքային դաշտի հարավային մասի հեռանկարային տեղամասում, իսկ 2012թ-ին լիցենզիայի ժամկետը երկարացվել  է: 

ՍՊԸ-ն լուծարվել է եւ իրավահաջորդ է դարձել 2011թ. ստեղծված «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը եղել է Տիգրան Արզաքանցյանը: Վերջինս 2012թ. ապրիլի 3-ին դուրս է եկել ՓԲԸ-ից եւ հաջորդ օրը` ապրիլի 4-ին 100%-անոց բաժնետեր է դարձել Լյուքսենբուրգի դքսությունում գրանցված «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ Ս.Ա.Ր.Լ.» ՍՊԸ-ն:   

Թանկարժեք իրերի եւ աքսեսուարների վաճառք 

Մայրաքաղաքի Աբովյան 18 հասցեում է գտնվում «Ֆրանկ Մյուլեր» բրենդային ժամացույցների խանութը, որի հիմնադիրը «Ֆրանկ Մյուլեր  Երեւան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ն է: Վերջինս Հայաստանում գրանցվել է 2002թ-ին՝ «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, սակայն մեկ տարի անց հիմադիրը դուրս է եկել ընկերությունից եւ բաժնետերեր են դարձել Արգամ Աբրահամյանը (12%), նրա աներ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը (13%), մոսկվայաբնակ Արմեն Հայրապետյանը եւ «Արցախբանկի» ներկայիս բաժնետերեր Հրաչ Կապրիելյանը, Վարդան Սիրմաքեսը:

«Ֆրանկ Մյուլեր» բրենդային ժամացույցների խանութը Երևանի Աբովյան փողոցում

«Այրսիրկապ» ՓԲԸ-ում Աբրահամյանն ու Ծառուկյանը եւս նույնքան բաժնեմաս ունեն: Այս ընկերությունների տնօրենի պաշտոնը զբաղեցնում է երեւանաբնակ Կարինե Իսրայելյանը:

Ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների՝ «Ֆրանկ Մյուլեր  Երեւան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ –ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: 

Արգամ Աբրահամյանը «Ֆորցա» ՍՊԸ-ում ունի 25% բաժնեմաս, նույնքան բաժնեմաս ունի նաեւ Գագիկ Ծառուկյանը: Մյուս 50%-ը պատկանում է մոսկվայաբնակ գործարարներ Գոհար Պապյանին ու նրա զավակներին՝ Ռաֆայել եւ Նարինե Պապյաններին: Վերջիններս հայտնի են բրենդային ժամացույցների, թանկարժեք զարդերի վաճառքով՝ Հայաստանում եւ արտերկրում:  

Պապյաններին է պատկանում Երեւանում գործող «Լուվր» խանութը, որը դարձյալ բրենդային ժամացույցների ու զարդերի վաճառքով է զբաղվում: Ռաֆայել Պապյանը Մոսկվայում նույնիսկ թանկարժեք ժամացույցների, զարդերի գիտակների կենտրոն է հիմնել՝ իր վաճառքի սրահներով: Այն կոչվում է ''Raff House'' : 

«Ֆորցա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ-ին, իսկ տնօրենը Գոհար Պապյանն է: Նարինե Պապյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գործունեությամբ է զբաղվում «Ֆորցա» ՍՊԸ-ն, սակայն նա հրաժարվեց պատասխանել: Նախ նշեց, թե ընկերությունում իրենց մասնակցությունը ձեւական է եղել, հետո ասաց, որ իրենք սխալվել են այդ հարցում, ապա հրաժարվեց կոնկրետ հարցի պատասխանել, անդադար ճշտելով՝ թե ինչու ենք ցանկանում ՍՊԸ-ի մասին տեղեկություններ իմանալ: 

«Ֆորցա» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Երեւանի Թումանյան 21-ն է, որտեղ գտնվում է Time բրենդային ժամացույցների խանութը: Խանութի աշխատակիցը պատասխանեց, որ Time-ի հիմնադիրը «Թայմլես» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին: 

Աբրահամյանները խոշոր ձկնաբույծներ են 

«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ն Հովհաննես Աբրահամյանին եկամուտներ է ապահովում ձկնաբիզնեսից ու ձկան կերի ներկրումից: Այս ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին եւ մի շարք ձկնաբուծարաններ հիմնել Արարատի մարզի Մխչյան եւ հարեւան այլ համայնքներում: Ընկերությունում 33-ական տոկոս բաժնեմաս ունեն Հովհաննես Աբրահամյանն ու Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը, իսկ 34%՝ Գագիկ Ծառուկյանը: «Հետքն» անդրադարձել է, որ այս ընկերությունը ձկան կերի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունի:

 Ընկերությունը ղեկավարում է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Սանասար Խալաթյանը: 

Զորակ գյուղի ձկնաբուծական տնտեսությունը 

Ձկնաբուծական  տնտեսությամբ զբաղվող «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում էլ 33-ական մասնաբաժին ունեն Հովհաննես Աբրահամյանը (Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է) եւ Հովիկ Թադեւոսյանը, իսկ 34 տոկոսը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանինն է: Ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Զորակ գյուղում: «Էկոֆիշ Թրեյդ»-ի տնօրենը Լեոնարդ Կարապետյանն է: 

Հովիկ Աբրահամյանի կնոջը` Ջուլիետա Աբրահամյանին պատկանող «Մեծն Արգամի» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գեւորգյանը 2010թ-ին հիմնադրել է «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ն: 100% բաժնետերը Ամբիկ Գեւորգյանն է: Ընկերության իրավաբանական հասցեն Աբրահամյանների ծննդավայր Մխչյան գյուղն է: Այլ տվյալ չկա, հենց այսպես է գրված: Մխչյանում գյուղացիները վկայում են, որ այս ընկերության իրական սեփականատերը Աբրահամյան ընտանիքն է: «Մերի Ֆիշ» ՍՊԸ-ն Հենրիկ Աբրահամյանը հիմնադրել է 2014թ. հունիսին: Այն դարձյալ ձկնաբուծական տնտեսությամբ զբաղվող ընկերություն է: ՍՊԸ-ի անունը Հենրիկ Աբրահամյանի դստեր՝ Մերի Աբրահամյանի անունով է, ով էլ զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը: Մերի Աբրահամյանն այս տարվա օգոստոսին նաեւ «Մերի Աբրահամյան Հենրիկի» Ա/Ձ է հիմնել, եւ հաշվառել հենց իրենց տան հասցեով:

Հովիկ Աբրահամյանի լուսանկարը՝ կառավարության պաշտոնական կայքից

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի և Հակոբ Պողոսյանի

Շարունակելի