Ամերիկացիներն` ընդդեմ ցորենի ալյուրը ֆոլաթթվով հարստացնելուն

19:16, 17 մարտի, 2015

Սպիտակ տան պաշտոնական կայքում ԱՄՆ քաղաքացիները նախաձեռնել են ստորագրահավաք` պահանջելով դադարեցնել ալյուրի պարտադիր հարստացումը ֆոլաթթվով: Մասնակիցները հայտարարում են, որ 1998-ին ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) միակողմանի որոշումը ցորենի ալյուրը պարտադիր ձեւով ֆոլաթթվով հարստացնելու մասին երկրի առողջապահության ոլորտի պատմության մեջ մեծագույն ֆիասկոներից է:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ֆոլատը, որի պակասը սննդի մեջ, ըստ հետազոտությունների, հանգեցրել է բնածին արատների, նույն ֆոլաթթուն չէ, որովհարստացվում է ալյուրը (այս տարբերության մասին կարող եք կարդալ այստեղ): Նշվում է, որ ԱՄՆ բնակչության 30-40 տոկոսը չունի MTHFR ֆերմենտ, որը ֆոլաթթուն մետաբոլացնում է ֆոլատի, իսկ 70 տոկոսն էլ այդ նույն ֆերմենտի պակաս ունի: Եվ այս ամենը արդյունքում հանգեցնում է նրան, որ օրգանիզմում ֆոլաթթվի ավելցուկ է առաջանում: Սրա հետեւանքով էլ, ինչպես հայտարարում են ստորագրահավաքի մասնակիցները, կլինիկական փորձարկումների ցույց են տվել, որ բնակչության շրջանում լայն տարածում են գտել կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ եւ ուղիղ աղիքների քաղցկեղները:    

Առցանց ստորագրահավաքը մեկնարկել է փետրվարի 26-ին եւ կշարունակվի մինչեւ մարտի 28-ը: Նպատակը 100.000 ստորագրություն հավաքելն է, սակայն առայժմ հավաքվել է 353 ստորագրություն:

Եթե ԱՄՆ-ում սննդի հարստացումը վաղուց է իրականացվում, մասնավորապես, ցորենի, եգիպտացորենի ալյուրի ու բրնձի մեջ պարտադիր ավելացվում են միկրոտարրեր, ապա Հայաստանում նախատեսվում է պարտադիր հաստացնել ցորենի բարձր եւ առաջին կարգի ալյուրի 80-85 տոկոսը:

Իրենց հերթին «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք դեմ են ՀՀ-ում ալյուրի պարտադիր հարստացմանը նախաձեռնել են ստորագրահավաք` ուղղված Ազգային ժողովին, որի նպատակն է կասեցնել կառավարության մշակած թիվ 666 օրինագիծը: Արդեն գրել ենք, որ օրինագիծը այս տարվա հունվարին մտել է ԱԺ համապատասխան հանձնաժողով, սակայն հարցի քննարկումը 1 տարով հետաձգվել է` ուսումնասիրությունները շարունակելու նպատակով:

Լուսանկարում` ամերիկյան հաց, որը հարստացված է երկաթով, ֆոլաթթվով եւ մի շարք այլ միկրոտարրերով