Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզ նվաճեց գերծանր կանանց պայքարում

15:29, 18 ապրիլի, 2015

Գերծանր քաշային ծանրորդուհի, քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր Թբլիսիում փոքր բրոնզե մեդալ նվաճեց +75 կգ քաշի հրում վարժությունում: Պոկում վարժությունում Հռիփսիմեն բարձրացրեց 113 կգ, ինչը չորրորդ արդյունքն էր: Դրանից առաջ մեր մարզուհին պոկել էր 106 եւ 111 կգ-ները: 

Պոկում ձեւում, ինչպես եւ սպասելի էր, առաջինը ռուս Տատյանա Կաշիրինան էր, որը պոկեց 142 կգ: Երկրորդը ուկրաինուհի Անաստասիա Լիսենկոն էր` 126 կգ-ով: Երրորդը ռումինուհի Անդրեա Անեին էր` 120 կգ-ով: Հատկանշական է, որ բոլոր այս մարզուհիները 100 կգ-ից բարձր էին կշռում, այնինչ Հռիփսիմեն ընդամենը 85 կգ է: 

Այդուհանդերձ, մեր մարզուհին հրում վարժությունում ցույց տվեց 141 կգ: Նույն արդյունքին հասավ ռումինուհի Անեին, սակայն անձնական քաշի շնորհիվ մեր մարզուհին տիրեց փոքր բրոնզին: Վարժությունում երկրորդը Լիսենկոն էր` 154 կգ-ով: Միանձնյա առաջատար Կաշիրինան հրեց 180 կգ: 

Երկամարտում առանց անակնկալների չեմպիոնի կոչումը նվաճեց Տատյանա Կաշիրինան, որը ցույց տվեց 322 կգ արդյունք: Լիսենկոն 280 կգ-ով երկրորդն էր, իսկ Անեին` 261-ով` երրորդը: Երկամարտում Խուրշուդյանը գրանցեց 254 կգ եւ 4-րդն էր: 

Այսպիսով` մեր պատվիրակներն ավարտեցին իրենց ելույթները: Նրանք նվաճեցին 1-ական մեծ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Իսկ փոքր մեդալները ներառյալ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 2 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: