Հայաստանն աշխարհի առաջնության բրոնզի համար պայքարելու լավ հնարավորություններ ունի

13:21, 27 ապրիլի, 2015

Չինական Չենդուում այսօր ընթանում է կանանց շախմատի աշխարհի առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականը մրցում է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Վրաստանի հետ: Այս պահին ընթանում են հետեւյալ պարտիաները. Խոտենաշվիլի-Դանիելյան, Մկրտչյան-Ջավախիշվիլի, Արաբիձե-Գալոյան, Կուրսովա-Բացիաշվիլի:

Երեկ մեր թիմը 2-2 խաղաց ԱՄՆ ընտրանու հետ՝ բոլոր պարտիաներն ավարտելով ոչ-ոքի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի առաջին տախտակի վրա հանդես է գալիս Տաթեւ Աբրահամյանը: 

7 տուրից հետո, ինչպես ասվեց, առաջատարը Վրաստանն է, որն ունի 13 միավոր, Ռուսաստանը վաստակել է 11, Չինաստանը՝ 9, Ուկրաինան՝ 8, Հայաստանը՝ 7 միավոր: Մեր հավաքականը տարել է 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի է խաղացել ու 2 պարտություն կրել: Վերջին տուրում վաղը մեր թիմը կմրցի Հնդկաստանի ընտրանու հետ, որն այս պահին ունի 6 միավոր: Հայ շախմատիստուհիների՝ առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորությունները փոքր են: 

Իսկ ահա Ծաղկաձորում ընթացող տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը լավ հնավարություն ունի նվաճել բրոնզե մեդալ: 

Երեկ Արշակ Պետրոսյանի ընտրանին 2,5-1,5 հաշվով առավելության հասավ առաջնության վարկանիշային առաջատար Ռուսաստանի հանդեպ, որն այս տարի անչափ թույլ է հանդես գալիս: Մեր թիմին հաղթանակ միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 

7 տուրից հետո Հայաստանը վաստակել է նույնքան միավոր: Առաջատարը Ուկրաինան ու Չինաստանն են, որոնք 11-ական միավոր ունեն, ու հենց այս թիմերի միջեւ էլ կընթանա պայքարը չեմպիոնի կոչման համար: Հիշեցնենք, որ 2001-ին Երեւանում կայացած առաջնության ժամանակ հենց Ուկրաինան է դարձել աշխարհի չեմպիոն: Շատ հավանական է, որ պատմությունը կրկնվի: Ուկրաինացիներն այժմ լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղում են: Իսրայելը, Կուբան, Հնդկաստանը, Հայաստանը, Հունգարիան վաստակել են 7-ական միավոր ու պայքարելու են բրոնզե մեդալների համար: 

Այսօր կկայանա Հնդկաստան-Հայաստան մրցավեճը, որից շատ բան է կախված: Կմրցեն Հարիկրիշնա-Արոնյան, Սարգսյան-Սետուրաման, Սաշիկիրան-Մովսեսյան, Մելքումյան-Վիդիտ զույգերը:

Հաղթանակն ու անհատական պարտիաներում միավորներ վաստակելը, այսինքն՝ խոշոր հաշվով հաղթելը, ինչը դժվար է լինելու, կարեւոր է, քանի որ թիմային հավասար միավորների դեպքում վճռորոշ են լինելու շախմատիստների վաստակած միավորները: Այս պահին 3-րդ տեղում ընթացող Իսրայելն ունի 15, իսկ 6-րդ տեղում գտնվող Հայաստանը՝ 13 միավոր: Հարկ է նշել, որ վերջին տուրում մեր թիմը մրցելու է ակնհայտ հետնապահ Եգիպտոսի հետ, որտեղ, կարելի է ասել, միավորներ վաստակելը շատ ավելի հեշտ է լինելու:

Այսօր կկայանան նաեւ Եգիպտոս-Ռուսաստան, Իսրայել-Հունգարիա, Ուկրաինա-ԱՄՆ, Կուբա-Չինաստան մրցամարտերը: