Վրացուհիները մեկ քայլ են հեռու աշխարհի չեմպիոնությունից. Վրաստան-Հայաստան՝ 3-1

17:14, 27 ապրիլի, 2015

Չինաստանում ընթացող կանանց շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրի ավարտից հետո Վրաստանի թիմը մեկ քայլով մոտեցավ չեմպիոնական բարձունքին՝ այս անգամ 3-1 հաշվով հաղթելով Հայաստանին: Մեր թիմից Դանիելյանը, Գալոյանն ու Կուրսովան պարտվեցին, ու միայն Մկրտչյանը երկրորդ տախտակի վրա սպիտակներով առավելության հասավ Ջավախիշվիլու հանդեպ:

8 տուրից հետո 15 միավորով Վրաստանը շարունակում է մնալ առաջին տեղում: 13 միավոր է վաստակել Ռուսաստանը, Չինաստանն ունի 11, Հնդկաստանը, Ուկրաինան, Ղազախստանը՝ 7-ական, Հայաստանը՝ 6 միավոր: 

Այսպիսով՝ աշխարհը նոր չեմպիոն կունենա, քանի որ դեռեւս գործող չեմպիոն Ուկրաինան ընդհանրապես դուրս կմնա մրցանակային եռյակից: Հիշեցնենք, որ 2013-ին Աստանայում կայացած առաջնության ժամանակ Ուկրաինայից բացի լավագույն եռյակում էին նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք այժմ էլ, ամենայն հավանակությամբ, կհայտնվեն 2-3-րդ տեղերում: 

Վաղը կայանալիք վերջին տուրում Հայաստանը կմրցի Հնդկաստանի հետ: Մեր թիմն առավելագույնը կարող է հավակնել 4-րդ տեղին: