Քաշաթաղի շրջանի ղեկավարությունը ընդդիմադիր դաշտ է դուրս եկել

22:33, 8 նոյեմբերի, 2011

Այսօր «Ֆեյսբուքում» բերձորցի Համբարձում Արզանյանը ներկայացրել է Քաշաթաղի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերվող մի հաղորդագրություն: Այն նույնությամբ  ներկայացնում ենք ստորեւ.

«Հաշվի առնելով ԼՂՀ իշխանության, մասնավորապես, ԼՂՀ նախագահի կողմից բազմիցս հավաստված` հայրենադարձության և վերաբնակեցման խնդիրների առաջնահերթությունը և, մյուս կողմից, Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից իրականացվող տեղական քաղաքականությունը, կարելի է հետևություն անել, որ քաշաթաղյան ղեկավարությունը  «ընդդիմադիր» կեցվածք է ցուցաբերում ԼՂՀ իշխանության և, ավելի վատ`  ժողովրդի նկատմամբ` կատարելով ամեն ինչ` Քաշաթաղում վերաբնակեցման և հայրենադարձության պրոցեսը տապալելու համար:

Զարմանալի է, որ մեր տեղական «իշխանիկները» չեն կարողանում գիտակցել, որ Քաշաթաղի վերաբնակեցումն իրենց անձնական նկրտումներից այնքան բարձր է, որքան իրենց անձինք ցածր են ՔԱՇԱԹԱՂՑԻ կոչումից:

 ՍԹԱՓՎԵՔ, ՔԱՇԱԹԱՂԸ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ:

Եթե ուզում եք ընդդիմանալ իշխանություններին, դա արեք ԼՂՀ Սահմանադրությամբ թույլատրված ձևով, այլ ոչ թե քաշաթաղցիներին ահաբեկելով: Բավական է. բազմաթիվ զրկանքներ կրելուց հետո մենք հավատում ենք, որ ԼՂՀ իշխանություններն անում են ամեն ինչ` Քաշաթաղում բնականոն հասարակական գործընթացներ ապահովելու համար: Իսկ դուք անում եք ամեն ինչ` այդ հավատը խեղելու համար:

Եթե ուզում եք ընդդիմանալ շրջանի վերաբնակեցմանը, այդ մասին հայտարարեք հրապարակավ և հավատացնում եմ, երկար չեք «ձգի»:

Հերիք է նայեք քաշաթաղցուն մեղադրողի ակնոցներով, մենք համատարած հանցագործների հանցախումբ չենք, մենք ձևավորված և ձևավորվող հանրություն ենք` մեր առավելություններով և բացթողումներով:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՇԱԹԱՂ ԳԱԼՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔԱՇԱԹԱՂԻՑ ՀԵՌԱՆԱԼԸ»: