Հայաստանի հավաքականն իր պատմության վատագույն նահանջն է գրանցել

14:29, 5 նոյեմբերի, 2015

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գրանցել է իր պատմության մեջ վատագույն հետընթացը՝ նահանջելով 36 տեղով: Մեր ընտրանին 91-րդ հորիզոնականից գահավիժել է մինչեւ 127-րդ տեղ: Վերջին անգամ ավելի վատ ցուցանիշ Հայաստանն ունեցել է 4 տարի առաջ՝ 2011-ին, երբ 131-րդն էր:

Իսկ ընդհանրապես մեր թիմն 1994-ից ի վեր վատագույն արդյունքն ունեցել է հենց այդ տարում՝ հայտնվելով 159-րդ տեղում: Լավագույն արդյունքը 2014-ի փետրվարին գրանցած 30-րդ տեղն է: 

Ստացվում է, որ ազգային ընտրանին այս սեպտեմբերից ավելի ու ավելի է վատացնում դիրքերը: Ահա թե ինչպիսի տեղաշարժ է ունեցել թիմը 2015-ին. 

հունվար-79
փետրվար-74
մարտ-79
ապրիլ-77
մայիս-77
հունիս-84
հուլիս-89
օգոստոս-88
սեպտեմբեր-83
հոկտեմբեր-91
նոյեմբեր-127

Նոյեմբերյան այս ցուցակում մեր թիմն ունի 271 հաշվարկային միավոր, որը 106-ով ավելի քիչ է նախորդ ամսից: Հաշվարկից դուրս են եկել 2011-ի հոկտեմբերին կայացած Հայաստան-Մակեդոնիա (4-1) եւ Իռլանդիա-Հայաստան (2-1) խաղերը, որոնցից առաջինը 795 միավոր էր բերել Վարդան Մինասյանի թիմին: Այս խաղերի փոխարեն հաշվարկի մեջ են մտել վերջին երկու պարտությունները (Ֆրանսիա-Հայաստան՝ 4-0, Հայաստան-Ալբանիա՝ 0-3), որոնք ոչ մի միավոր չեն ավելացրել ընդհանուր հաշվեկշռին: 

Գուցե տարօրինակ թվա, սակայն համաշխարհային ցուցակը գլխավորում է Բելգիան, իսկ նախորդ առաջատար Գերմանիան նահանջել է 2-րդ տեղ: Տասնյակում են նաեւ Արգենտինան, Պորտուգալիան, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Բրազիլիան, Անգլիան, Ավստրիան:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական գալիք փուլում մեր մրցակիցներից Ռումինիան 14-րդն է, Դանիան՝ 35-րդը, Լեհաստանը՝ 38-րդը, Մոնտենեգրոն՝ 78-րդը: Մեզնից հետ է միայն Ղազախստանը (131):

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ռուսաստանն է (23), հաջորդում են Ուկրաինան (28), Բելառուսը (70), Ուզբեկստանը (71), Էստոնիան (90), Լատվիան (99), Վրաստանը (111), Ադրբեջանը (115), Թուրքմենստանը (121), Լիտվան (123), Ղրղըզստանը (124): Մեզնից հետ են միայն ղազախները, մոլդովաններն ու տաջիկները: Փաստորեն, խորը փոսում ենք:

Տարածաշրջանում, բնականաբար, վատագույն արդյունքն ունենք: Վրաստանին ու Ադրբեջանին բավական երկար ժամանակ գերազանցելով՝ հիմա զիջում ենք: Մեր հարեւաններից Թուրքիան 18-րդն է, իսկ Իրանը՝ 43-րդը:

ՖԻՖԱ-ն հաջորդ աղյուսակը, որը կեզրափակի տարին, կհրապարակի դեկտեմբերի 3-ին: