Վարդան Այվազյանը լիճը չի վերադարձրել համագյուղացիներին. Տաբածղուրու բնակիչները դիմել են Բիձինա Իվանիշվիլուն

00:05, 18 հունվարի, 2016

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին լիճը չի վերադարձրել: Փոխարենը նա նոր առաջարկ է ներկայացրել իր համագյուղացիներին՝ կոոպերատիվ ստեղծել և զբաղվել կարտոֆիլի մշակությամբ:

«Ուզում է, որ կոոպերատիվ ստեղծենք, մենք ցանենք, ինքը կարտոֆիլը տանի թանկ վաճառի, բայց մեր գյուղը այդ պայմանները չունի. ջրելու պայմաններ չունի, սեպտեմբերից հետո էլ ցրտահարություն է լինում մեր գյուղում: Ինքը իբր պետք է կարտոֆիլ գնի Հոլանդիայից, սերմնացուն մեզ տա, որ ցանենք, իրեն տանք, տանի վաճառի, եթե եկամուտ մնաց, մեզ տա»,-«Հետքի» հետ զրույցում պատմեց Տաբածղուրու բնակիչ Աշոտ Իրիցյանը:

Գյուղացիներին, հիշեցնենք, հրավիրել էին Վրաստանի բնապահպանության նախարարություն: Այնտեղ էլ տեղեկացրել են, որ Վարդան Այվազյանի հետ համաձայնության չեն եկել, սակայն վերջինս կարտոֆիլի մշակման ծրագիր է ներկայացրել և ասել է, որ գյուղացիներին կհանդիպի և լեզու կգտնի նրանց հետ: Սակայն Վարդան Այվազյանը մինչ օրս ոչ այցելել է Տաբածղուր, ոչ էլ խոսել համագյուղացիների հետ:

«Լիճը կարմիր գծի մեջ են առել, ու չի թույլատրվում որս անել, Վարդանի մատը խառն է: Իմացանք, որ գարնանը Վարդանը ախրան պիտի դնի, որ մեզ բռնեն ու տուգանեն, եթե լիճը մտնենք: Դժվար վիճակում ենք հիմա: Խոստացել էին, բայց չտվեցին լիճը մեզ»,- պատմեց Աշոտը:

Զուգահեռաբար գյուղացիները դատական վեճի մեջ են Վարդան Այվազյանի հետ: Հիշեցնենք՝ Տաբածղուր գյուղի բնակիչները դատի էին տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց հայցը մերժել էր: Գյուղացիները բողոքարկել են այն վերաքննիչ դատարանում: Վերաքննիչը, սակայն, մինչ օրս նիստ չի նշանակել:

Գյուղացիների վերջին հույսը Բիձինա Իվանիշվիլին է. դիմում են գրել նրան, որ միջամտի ու հարցն իրենց օգտին լուծի: Գյուղացիները նշել են, որ եթե լիճն իրենց չվերադարձվի, նորից կառավարություն, խորհրդարան, դեսպանատներ կգնան՝ բողոքելու: Եթե դա էլ չօգնի, սպառնում են լքել գյուղը և հեռանալ ընդմիշտ:  «Գրել ենք՝ կամ մենք, կամ՝ Վարդանը: Կամ լիճը մեզ տվեք, որ ապրենք, կամ տվեք Վարդանին, ու մենք կհեռանանք գյուղից»,- ասում է Աշոտը: 

Տաբածղուր լճի պատմությունը՝ ֆիլմում