Արոնյանը 4-րդ ոչ-ոքին խաղաց. 5 հնարավորից նա վաստակել է 3 միավոր

19:14, 16 մարտի, 2016

Քիչ առաջ ոչ-ոքի ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի Արոնյան-Կարուանա մրցամարտը: Մինչ այդ նմանատիպ ելք էր ունեցել նաեւ Անանդ-Նակամուրա պարտիան: Գիրի-Սվիդլեր եւ Տոպալով-Կարյակին պարտիաները դեռ շարունակվում են:

5 տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3 միավոր (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի)՝ այնքան, որքան Կարյակինը 4 տուրից հետո. վերջինս, բնականաբար, իր պաշարն ավելացնելու հնարավորություն ունի այսօր, քանի որ չնայած խաղում է սեւերով, մրցակիցը այս մրցաշարի ընդգծված հետնապահ Տոպալովն է, ով այս պահին ունի ընդամենը 1 միավոր:

Կարուանան ու Անանդը 5 տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր, Նակամուրան՝ 2: 2-ական միավոր ունեն նաեւ այսօրվա մրցակիցներ Գիրին եւ Սվիդլերը: Հաղթանակի դեպքում այս երկուսից մեկը կհավասարվի Լեւոնին:

Վաղը տեղի կունենա 6-րդ տուրը: Կկայանան հետեւյալ պարտիաները. Անանդ-Սվիդլեր, Տոպալով-Գիրի, Արոնյան-Նակամուրա, Կարուանա-Կարյակին: