Սերգեյ Կարյակինը դարձավ հավակնորդ. նա աշնանը թագը կվիճարկի Մագնուս Կառլսենի հետ

20:35, 28 մարտի, 2016

Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը քիչ առաջ սպիտակներով առավելության հասավ ամերիկահպատակ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հանդեպ ու հաղթող ճանաչվեց Մոսկվայի հավակնորդների մրցաշարում: Նշենք, որ Կարյակինին բավարար էր ոչ-ոքին, քանի որ այդ դեպքում նա եւ Կարուանան վաստակելու էին 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթող էր դառնալու կրկին Կարյակինը: 

Կարյակինը 14 տուրում տարավ 4 հաղթանակ, կրեց 1 պարտություն, 9 ոչ-ոքի խաղաց՝ վաստակելով 8,5 միավոր: Հատկանշական է, որ ՌԴ ներկայացուցիչներ Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը ամենացածր վարկանիշներն ունեին մրցաշարում՝ 2760 եւ 2757 համապատասխանաբար: Այսպիսով՝ Կարյակինը նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Կարյակինը նվաճեց աշխարհի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Սվիդլերին: Այդ հաղթանակի շնորհիվ նա դարձավ հավակնորդների մրցաշարի մասնակից:

Հավակնորդների մրցաշարում երկրորդ-երրորդ տեղերը կիսեցին Կարուանան եւ Վիշի Անանդը: Վերջինս այսօր սեւերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ ու Կարուանայի պես վաստակեց 7,5 միավոր: 4-7-րդ տեղերը բաժանեցին Պյոտր Սվիդլերը, Լեւոն Արոնյանը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան, որոնք վաստակեցին 7-ական միավոր: 4,5 միավորով 8-րդը Վեսելին Տոպալովն էր (այսօր ոչ-ոքի ավարտվեց նաեւ Տոպալով-Գիրի պարտիան):