21-ամյա Գոռ Մինասյանը՝ օլիմպիական փոխչեմպիոն

03:56, 17 օգոստոսի, 2016

Դրամատիկ ընթացք ունեցավ ծանրամարտի գերծանր քաշային (+105 կգ) կարգի օլիմպիական մրցումը, որը ավարտվեց քիչ առաջ: Գյումրեցի 21-ամյա Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ: 

Պոկում վարժությունում Գոռը բարձրացրեց 210 կգ եւ զիջեց միայն իրանցի Կորդասիաբիին ու վրացի Տալախաձեին: Երեւանցի Ռուբեն Ալեքսանյանը 6-րդն էր պոկում ձեւում: Այս վարժությունում աշխարհի իր իսկ ռեկորդը թարմացրեց (216 կգ) Բեհդադ Սալիմի Կորդասիաբին, որը Լոնդոնի խաղերի չեմպիոն է:

Սակայն էլ ավելի դրամատիկ էր հրում վարժությունը: Իրանցին անակնկալ ձեւով 0 ստացավ, ինչից օգտվեց աշխարհի գործող չեմպիոն Լաշա Տալախաձեն, որը բարձրացրեց 258 կգ եւ երկամարտի աշխարհի ու օլիմպիական ռեկորդ սահմանեց՝ 473 կգ: Նա նվաճեց օլիմպիական ոսկին: Գոռը հրեց 241 կգ եւ երկամարտի 451 կգ-ով նվաճեց օլիմպիական արծաթը: Մեկ այլ վրացի՝ Իրակլի Տուրմանիձեն, երկամարտում ցույց տվեց 448 կգ, բայց Ռուբեն Ալեքսանյանը շատ լավ հնարավորություն ուներ շրջանցել նրան ու օլիմպիական բրոնզ նվաճել: Սակայն 24-ամյա մարզիկը չկարողացավ սանձել 254 կգ-ը ու բավարարվեց 245 կգ-ով: Երկամարտի 440 կգ-ով Ռուբենը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այսպիսով՝ այսօր Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, Միհրան Հարությունյանն ու Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն: