Կոչ են անում նոյեմբերի 22-ը հռչակել Հայրենատիրության օր

10:33, 22 նոյեմբերի, 2011

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է՝ առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:

Սակայն, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի է ու իրավունքների գոյության առումով անժամանցելի է:

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի` այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների և նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:

Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը:

Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ հասարակական շարժումը կոչ է անում համայն հայությանը միանալ

մեր նախաձեռնությանը և ամեն տարի ըստ արժանվույն՝ ցույցերով, երթերով և հավաքներով, նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ հասարակական շարժում