Ուջանի գյուղապետը պարտվելու դեպքում պատրաստ է շնորհավորել դաշնակցական մրցակցին. «Մարդ պիտի էդքան կպած չլինի աթոռին»

14:10, 18 սեպտեմբերի, 2016

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր պայքարում է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Առաքել Հարոյանը, եւ դաշնակցական, ինքնառաջադրված դաշնակցական Նաիրի Կիրակոսյանը: Վերջինս «Հետքի» հետ զրույցում, խոսելով քվեարկության ընթացքի մասին, ասում է. «Ուջանցին խախտում չի կարող անել: Ուջանցիները մեկը մյուսին հարգում են, ուժ չեն կարող գործադրել»: Գործող գյուղապետի մասին Ն. Կիրակոսյանը դրական է արտահայտվում, չնայած իր առաջադրման մասին ասում է, որ կուզենար ժողովրդին համախմբել, ժողովուրդը վստահ լիներ, որ արտագաղթ չի լինի, գյուղացին իր հողը մշակեր: Գյուղում ամենամեծ խնդիրն այն է, որ հողերը մնում են անմշակ: 

Հարցին, թե արդյոք Արագածոտնի մարզպետի դաշնակցական լինելը ազդել է առաջադրվելու որոշման վրա, Ն. Կիրակոսյանը բացասական պատասխան է տալիս:

2006-ից գյուղապետ աշխատող հանրապետական Առաքել Հարոյանը նույնպես դրական է արտահայտվում իր մրցակցի մասին: Ասում է, որ ժողովրդի ցանկությամբ ու կամքով է որոշել առաջադրվել: Նշելով իրականացրած ծրագրերի մասին՝ շեշտում է, որ դեռ խնդիրներ ունեն: 

Վերընտրվելու հնարավորությունների մասին Ն. Կիրկոսյանն ասում է՝ Աստծուց առաջ չընկնենք, Ա. Հարոյանն էլ նմանատիպ պատասխան է տալիս՝ վերևն Աստված, ներքևը ժողովուրդ:

Հարցին, թե պատրաստ է պարտվելու դեպքում շնորհավորել մրցակցին, գործող գյուղապետն ասում է՝ միանշանակ: Ապա ժպտալով ավելացնում է՝ մարդ պիտի էդքան կպած չլինի աթոռին: