Հայաստանի հավաքականն անդունդի մեջ է. նահանջի վերջը չի երեւում

21:04, 20 հոկտեմբերի, 2016

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերյան պարտություններից հետո (Հայաստան-Ռումինիա՝ 0-5, Լեհաստան-Հայաստան՝ 2-1) 13 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման թարմացված ցուցակում եւ հայտնվել 125-րդ տեղում: Մեր ընտրանին ունի 270 հաշվարկային միավոր, նախորդ ամիս 317 էր: 

Համաշխարհային դասակարգման առաջատարը շարունակում է մնալ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են չեմպիոն Գերմանիան եւ Բրազիլիան: Լավագույն 10-յակում են նաեւ Բելգիան, Կոլումբիան, Չիլին, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում մեր թիմի մրցակիցներից Լեհաստանը առաջադիմել է 2 տեղով եւ հիմա 15-րդն է: Ռումինիան նույնքան տեղով նահանջել է եւ 34-րդն է, Դանիան 4 հորիզոնականով նահանջել է մինչեւ 50-րդ տեղ: Մոնտենեգրոն ամսվա ռեկորդ է սահմանել՝ վեր բարձրանալով միանգամից 49 տեղով: Դանիացիներին ու ղազախներին հաղթելուց հետո այս թիմն այժմ 56-րդն է: Ղազախստանը 7 հորիզոնական նահանջել է եւ հիմա 90-րդն է: Մենք կրկին 5-րդ խմբի վարկանիշային հետնապահն ենք: Բացի դրանից, հիշեցնենք, 0 միավորով եզրափակում ենք խմբի մրցաշարային աղյուսակը:

Նախկին ԽՍՀՄ երկրները հետեւյալ դիրքերում են՝

Ուկրաինա՝ 29 (0), 
Ուզբեկստան՝ 48 (+1), 
Ռուսաստան՝ 53 (-15), 
Բելառուս՝ 77 (-20), 
Ադրբեջան՝ 88 (+45),
Ղազախստան՝ 90 (-7),
Լիտվա՝ 98 (-19),
Ղրղըզստան՝ 99 (+9),
Թուրքմենստան՝ 114 (+2),
Լատվիա՝ 116 (-21),
Էստոնիա՝ 119 (+11),
Վրաստան՝ 122 (+15):

Փաստորեն, անդունդում ենք: Մեզնից հետ են միայն 140-րդ տեղում գտնվող Տաջիկստանն ու 173-րդ հորիզոնականը զբաղեցնող Մոլդովան:     

Տարածաշրջանում լավագույնը Թուրքիան է (25), որին հետեւում է Իրանը (27):

Հաջորդ ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 24-ին:

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի