Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը տեղի կունենա Հայաստանում

16:25, 10 դեկտեմբերի, 2016

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար Հայաստանում: Մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները եւ մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մեկ անգամ՝ 2005 թվականին, Հայաստանի հավաքականը, հաղթահարելով նախնական երկու փուլերը, իրավունք էր ստացել հանդես գալու եզրափակիչ փուլում, որը կայացել էր Հս. Իռլանդիայում: Մեր թիմն ընդգրկվել էր երկրորդ խմբում, որտեղ հանդես էին գալիս նաեւ Ֆրանսիայի, Անգլիայի, Նորվեգիայի ուժեղ ընտրանիները: 

Հայաստանի հավաքականը առաջին խաղում 0-2 հաշվով պարտվեց նորվեգացիներին, իսկ երկրորդում 1-1 խաղաց Անգլիայի հետ: Մեր թիմից աչքի ընկավ Կառլ Լոմբեն: Երրորդ խաղում Հայաստանի ընտրանին 0-1 հաշվով զիջեց Ֆրանսիային եւ 1 միավորով խմբում զբաղեցրեց վերջին տեղը: 

Առաջին խմբից կիսաեզրափակիչ դուրս եկան Սերբիայի եւ Չեռնոգորիայի ու Գերմանիայի ընտրանիները, որոնք, սակայն, պարտվեցին համապատասխանաբար Անգլիային ու Ֆրանսիային: Վերջինս եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց անգլիացիներին ու նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունն անցկացվում է 2001-ից: Սակայն մրցաշարի արմատները շատ ավելի խորն են. 1948-1954 թթ. այն կոչվում էր ՖԻՖԱ-ի պատանեկան մրցաշար, 1955-1980 թթ. մրցաշարն անցավ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո: 1980-ին այն դարձավ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որի տարիքային շեմը բարձրացվեց 2001-ին: 

Փաստորեն, առաջին անգամ Հայաստանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի իբրեւ տանտեր երկիր: 

1948-ից ի վեր ամենաշատը չեմպիոն է դարձել Իսպանիան՝ 10 անգամ: Գործող չեմպիոնը Ֆրանսիան է: 2017-ին եզրափակիչ փուլը կընդունի Վրաստանը, 2018-ին՝ Ֆինլանդիան, 2020-ին՝ Հս. Իռլանդիան: 

Լուսանկարը՝ Sporsfile-ի (uefa.com)