Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռոբերտ Երիցյանը Չեխիայում ապաստան է ստացել

18:14, 21 դեկտեմբերի, 2016

Հայտնի գործարար Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, որը հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի իրավապահների կողմից, ապաստան է ստացել Չեխիայում:

Ինչպես հայտնի է, Երիցյանն անցնում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: 2009-ի մայիսի 23-ին Խաչատրյանին սպանելու անհաջող փորձ էր ձեռնարկվել: 2011-ի հոկտեմբերին դատարանն այս գործով 6 հոգու ազատազրկման էր դատապարտել, իսկ Ռ. Երիցյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածով (պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելը), որի համար նախատեսվում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:  

Ռ. Երիցյանին չեխ իրավապահները ձերբակալել էին 2014-ի հոկտեմբերին, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր չեխ գործընկերներին՝ Երիցյանին արտահանձնելու համար: Քանի որ տեւական ժամանակ հանձնումից որեւէ նորություն չկար, «Հետքը» գլխավոր դատախազությանը Երիցյանի մասին հարցում էր ուղարկել: ԳԴ-ից հայտնել էին, որ Պրահայի քաղաքային դատարանը որոշել է մերժել Երիցյանին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը: Դատախազության տեղեկացմամբ՝ Երիցյանի նկատմամբ ՀՀ-ում որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, եւ հայտարարված է հետախուզում, սակայն Քրեական դատարավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) ԱԱԾ քննչական վարչության վարույթում գտնվող գործի քնությունը կասեցված է:

Մեր չեխ գործընկերները պարզել են, որ չեխական դատարանը հայկական կողմի միջնորդությունը մերժել է 2015-ի սեպտեմբերի 14-ին: Հիմնավորումը եղել է այն, որ 2015-ի մայիսի 11-ին Ռոբերտ Երիցյանին Չեխիայում տրամադրվել է ապաստան: «Հետքի» գործընկերները ապաստանի մասին հարցում են ուղարկել Չեխիայի ՆԳՆ, սակայն նախարարությունից նշել են, որ իրավասու չեն մեկնաբանել նման հարցեր: Լրագրողները զանգահարել են նաեւ Ռոբերտ Երիցյանին՝ ապաստան հայցելու եւ Պրահայում ունեցած բիզնեսի մասին հարցեր տալու, սակայն նա հրաժարվել է պատասխանել դրանց:

Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակումից հետո Երիցյանների՝ Պրահայում գտնվող հողամասի նոր սեփականատեր դարձավ Հարություն Սարուխանյանը, սակայն չի բացառվում, որ դա իրական տերերին թաքցնելու նպատակ է ունեցել:  

Գրել ենք նաեւ, որ Ռ. Երիցյանին Հայաստանին չհանձնելու հավանական պատճառ կարող է լինել այն, որ 2014-ի վերջին Հայաստանը ոչ միայն չարտահանձնեց Չեխիայում հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (հայտնի է որպես «Զապ»), այլեւ ընդհանրապես չեխական դատարանի ակտը չիրագործեց այստեղ՝ Հայաստանում (2015-ի հունվարին Սողոյանը կալանքից ազատ արձակվեց), ինչպես նախատեսվում է մեր օրենսդրությամբ: Այսինքն՝ չեխերի դիրքորոշումը յուրօրինակ պատասխան էր հայկական արդարադատության համակարգին:  

Լուսանկարում՝ Պրահայի այն հասցեն, որտեղ, ըստ փաստաթղթերի, գրանցված է Ռ. Երիցյանը