Ապարանի միակ վետերանը քվեարկեց որդու եւ հարսի ջանքերով

17:34, 2 ապրիլի, 2017

93-ամյա Պետրոս Պետրոսյանը, ով Ապարան քաղաքից Հայրենական Մեծ պատերազմի ողջ մնացած միակ վետերանն է, այսօր ընտրության էր եկել քաղաքի 17/26 տեղամաս: Նրան ուղեկցում էին որդին եւ հարսը: Վետարանն ի վիճակի չեղավ ընտրություն կատարել: Նրան նստեցրին տեղամասի կենտրոնում, իսկ ընտրությունը կատարեց հարսը: Այդուհանդերձ, 93-ամյա Պ. Պետրոսյանն իր մասնակցությունն ունեցավ այս ընտրություններին: Քվեաթերթիկը հենց նա գցեց տուփի մեջ: 

Մեր հարցին, թե ընտրություն կատարել չկարողացող ծերունուն ինչու են բերել ընտրության, որդին ասաց, թե ուրեմն այդպես էր պետք, մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել: Պ. Պետրոսյանի «քվեարկության» ժամանակ տեղամասում ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: 

Ժամը 17:00-ի դրությամբ, հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Սամվել Խալաթյանի տեղեկացմամբ, 1925 ընտրողից քվեարկել է 1156-ը:

Լուս.՝ Հակոբ Պողոսյանի