Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը

16:23, 12 ապրիլի, 2017

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը:

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ:

Արեգ Միքայելյանը 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի հեղինակ է: Նա ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեիթեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Նա անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Հայկական աստղագիտական ընկերությանը(ՀԱԸ, ArAS):

Արեգ Միքայելյանն արժանացել է Եվրասիական աստղագիտական ընկերության, Հայկական ֆիզիկոսների ընկերության, Էլեկտրոնային գիտության մրցանակների: