Հրշեջ օդանավի չորս թռիչքները՝ դեպի Խոսրովի արգելոց

15:20, 15 օգոստոսի, 2017

Ռուսաստանի ԱԻՆ-ի «Ավիացիոն-փրկարարական ընկերության» «Իլ-76ՏԴ» հրշեջ ինքնաթիռն այսօր հասցրել է չորս թռիչք կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրայով: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի խնդրանքով երեկ ռուսական կողմը Հայաստան է ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներում մասնագիտացած այս օդանավը:

Այսօր վաղ առավոտյան հայ եւ ռուս մասնագետները ուղղաթիռով հետախուզական թռիչք են կատարել արգելոցի վրայով եւ որոշել ջրալցման վայրերը: Դրանից հետո ռուսական ինքնաթիռը մեկնել է թեժ գոտի:

Flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ վաղ առավոտյան «Էրեբունի» օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռը (RA-76841) ուղեւորվում է դեպի Խոսրովի անտառի կենտրոնական հատված, ապա շրջադարձ կատարում ու վերադառնում Երեւան: Թռիչքը տեւում է կես ժամից ավել: 

Նորից ջրով լիցքավորվելուց հետո օդանավը թռչում է Արարատի մարզի Ուրցաձոր եւ Դաշտաքար գյուղերի ուղղությամբ, ապա պտույտ կատարում եւ ուղղվում դեպի հյուսիս՝ անցնելով արգելոցի տարածքի վրայով, ինչից հետո վերադառնում է Երեւան: Թռիչքը տեւում է մոտ մեկ ժամ:

Չնայած նախապես որոշվել էր կատարել 2 թռիչք եւ 2 ջրալցում, օրվա ընթացքում ԱԻՆ-ը հայտնեց, որ կատարվելու է նաեւ 3-րդը: Մինչ այդ ուղղաթիռով կատարվել էր հերթական հետախուզական թռիչքը՝ որոշելու երկու թռիչքների արդյունքները եւ նախանշելու ջրալցման հաջորդ թիրախները:

Երրորդ անգամ օդանավը «Էրեբունուց» թռչում է դեպի արգելոցի հյուսիսային հատվածը՝ Գառնի եւ Գողթ գյուղերի ուղղությամբ: Այնտեղից «Իլ-76»-ը թեքվում է հարավ՝ Վեդու ուղղությամբ եւ ապա կրկին վերադառնում մայրաքաղաք: 

Չորրորդ թռիչքի ժամանակ եւս «Իլ-76»-ը թռել է Գողթի ուղղությամբ, ապա թեքվել դեպի հարավ՝ Ուրցաձոր, ինչից հետո վերադարձել է Երեւան:

Լուսանկարում՝ ռուսական օդանավը մեկնարկում է «Էրեբունի» օդանավակայանից