«Բաց» նամակ Հովհաննես Թեքգյոզյանին

13:48, 23 օգոստոսի, 2017

Թեքին, կարոտում եմ։ Էս կարող եմ իրեն էլ ասել։ Ու ասում եմ պարբերաբար․․․ Բայց ուզում եմ նամակ գրել։ Բաց նամակը սովորաբար բողոք է՝ ստորագրություններով, կոչերով, մտածված։ Հովիկի մասին մտածում եմ։ Ու մենակ ես չէ։ Էս նամակը իր էստեղ չլինելու հետեւանքն է հավանաբար, բայց նաեւ այն, որ ինքը եղել է էստեղ եւ եղել է ուրիշ։

Եվ քանի որ բաց նամակը պետք է իրադարձության, բախումների հետեւանք լինի, ու մարդիկ հասկանան՝ ինչ է գրված, ուրեմն կարճ կասեմ էսպես․

Հովհաննես Թեքգյոզյանը գրող է, դրամատուրգ, դերասան։ 43 տարեկան։ Այլեւս Հայաստանում չի ապրում։

Մնացածն ով, ինչ ուզում է, թող գտնի քո մասին ու կարդա։

Հիշու՞մ ես՝ մի գիշեր, երբ ինչ-որ տեղից վերադարձել էիր (երկիրը չեմ հիշում), ասացի, որ շատ եմ կարոտել, պետք է տեսնեմ․ էդ հանդիպմանը գիտես՝ ոնց էի եկել, ոնց որ ասենք շատ մի անկարելի հնարավորության, որ միայն ես ունեմ, ու հա, Օպերայի մի սրճարանում, որտեղ մենք բոլորին տեսանելի էինք, բայց ոչ մեկ քեզ չգիտեր էնքան, ինչքան ես, անչափ ուրախ էի։ Գետնից տոպրակը վերցրիր, ասացիր՝ օձ, քեզ նվեր եմ բերել։ Բացեցի։ Թեթեւ գործվածքով մի շալ էր՝ վրան զնգզնգացող մետաղադրամներ։ Շատ։ Զնգզնգացրինք։  

Հիմա շալն ու ես Երեւանում ենք, դու՝ չէ։

Հովիկը գնացել է։ Բառիս բուն իմաստով։ Չի լքել, չի հեռացել գնացել է։ Ինձ համար վաղաժամ մահի պես մի բան է։

Արմանը Երիցյան էսօր ասում է՝ Հովիկը միշտ կրկնում էր՝ «բագաժից», կուտակածից ազատվել է պետք։ Արմանը, երբ սա ասում էր, աչքերս լցվեցին, որովհետեւ դու «էր» չես, «է» ես, բայց մենք դրա հնարավորությունը չունենք ասելու։ Երեւի նույնիսկ իրավունքը։ Սա էլ հարաբերական է, որովհետեւ «դու-էր-իրավունք» ․․․ Էդպես չի։

Վերջին զրույցի ժամանակ՝ դու նստած Ստրասբուրգի քո սենյակում, ես Երեւանի, ասում ես․ «Ֆրանսիա գալուց հետո ես երբեմն-երբեմն փորձում էի իմ անունը «Google»-ում փնտրել։ Սկզբում զարմանքով, հետո սարսափով տեսնում էի, թե ես (անունս) ոնց եմ կորչում վերջին շրջանի նորությունների էջերից։ Հետո, երբ ժամանակային մի հատվածում (իմ կարծիքով մեծ ժամանակահատվածում) իսպառ ջնջվեցի՝ անասելի թեթևություն զգացի»։

Հո՛վ, թեթեւ զգալու ոչ մի միջոց։ Գիտես՝ Սամվելը Թադեւոսյան, մի քանի օր առաջ իմ «Բալկոն»-ում ասում էր․ «Հովհաննես Թեքգյոզյանն է ինձ պակասում, որովհետեւ իր հետ զրուցելուց իմ ուղեղը լայնանում էր, ու այդ պահերին ես հերքում էի շատ բան, ուրիշ տարածքի մեջ էի մտնում»։

Սա քեզ թեթեւացնու՞մ է։ Ինձ՝ չէ՛։ Էսօր Արման Երիցյանը նույն «Բալկոնում» ասում է «Հովիկը ֆենոմենալ տեսակ է»։ Ու առանց հարցի․ իրենք խոսում են քո մասին, որովհետեւ հասնում են մինչեւ քեզ։

Սա քեզ թեթեւացնու՞մ է։

Հիշու՞մ ես՝ ինձ ասացիր, որ գնալուց հետո ձեւացար, որովհետեւ ձեւանալը մեռնելուց լավ է, մանավանդ, երբ թիկունքում լեգենդներ չունես ստեղծած։ Ու ասացիր, որ իրականում խաղաղությունը դանդաղ քայլ է․ շատ ավելի հեշտ է վազել դաշտում, ուր պայթելու պատրաստ ականներ ու խաղացող երեխաներ կան։

Հիմա ինձ էս տեքստի հիմքերն ու հիմնավորումները ոչ մի ձեւ չեն հետաքրքրում։ Էս քաղաքում դու չկաս։ Էդ քիչ չի, մարդիկ քեզ մեջբերում են։ Էլ ի՜նչ որոնում․․․

2012թ-ին Արթուրի հետ Հարոյան հարցազրույց էի անում։ Արթուրը Բրազիլիայից խոսում էր իր էստեղ եղած լինելու մասին։ Ու էդ եղածի մեջ դու էլի կայիր։ Արթուրն ասում էր՝ Վանաձորի պետական թատրոնում է խաղացել, ու, որ դու մի հրաշալի պիես ունես` «Մետաստազը», որտեղ ինքը գանգրահեր տղայի կերպարն է մարմնավորել։

Ու դու հարցնում ես՝ ուր է իմ անունը․․․

Ընկե՛ր, ավարտվելու ձեւ չունես, էդտեղ ինչքա՜ն ուզում ես մեռած ձեւացիր, ինչ ուզում ես արա։ Մեկ է, էդտեղ էլ թատրոն մենակ չես գնալու, որովհետեւ վախենում ես։ Էդ դու ես ասել, ես չէ։ Երբ 2014թ․-ին «Մարդակեր արվեստ» էսսեդ էի կարդում, գլխիս էր խփել էս վախը։ Իսկ քո տեքստը շատերն են կարդում Հայաստանում։

«Դահլիճում նստած իմ Մենությունը բախվում է բեմում աշխատող արտիստի Մենությանը, բայց ստեղծագործության (թեկուզ թերի) չի վերածվում: Փաստորեն, ես դառնում եմ այն Գործողության վկան, որի մասնակիցը կցանկանայի լինել...»։

Էդ մասնակից լինելը հերքեցի՞ր․ ականնե՞րն էին, թե էն, որ եղավ «հոգեւոր վթարը» կամ պատահեց։ Վեց տարի անցավ տեքստիցդ, բան չփոխվեց․ « Բայց երկու տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Մեր երկրում չիրականացած հեղափոխության պատճառով, հատկապես մտավորության շրջանում, խորը ջրբաժան առաջացավ: Եթե հեղափոխությունն ինձ վախեցնում է հետագա «վհուկների որսով», ապա չիրականացած հեղափոխությունն առավելապես արտահայտվում է Հոգեւոր վթարի աննախադեպ հետեւանքներով»:

Վեց տարի՝ տեքստիցդ, ինը տարի՝ տեղի ունեցածից։

Մենք էդ արանքում կորցրինք քեզ։

Հա, ես ուզում եմ հիշեցնել քեզ, որ քո մասին խոսում են, որ տեքստիդ մասին խոսում են․ հիշեցնել մի բան, որ հիմա է տեղի ունենում, բայց դու էստեղ չես եւ չես լսում։ Ուրեմն քեզ պետք է հիշեցնել ներկան, որ այստեղ է՝ անկախ քո «այդտեղից»։

Մի օր ֆեյսբուքյան պատիդ գրել էի՝ «Թեքգյոզյան, երազիս փոխում էիր ազգանունդ», դու էլ մեկնաբանություն էիր գրել, թե երբ փոքր էի, ինձ հաստատ ասել են, որ հայ եմ։

Հիմա սա էլ կարեւոր չի, բայց ասում էիր չէ՞, որ բնազդաբար հասկանում ես, որ քեզ խաբում են, ու դու փորձում ես գրելով ճշտել ճշմարտությունը․․․ Բացառիկ բան է։
«Գրականությունը կապերի խզում է մտերիմ մարդկանց հետ»։

Մեզնից պրծում չունես։

Քո Անուշ

Օգոստոսի 22, 2017թ