Կենտրոնական բանկն ավելի լավատես է դարձել տնտեսական աճի հարցում

14:53, 29 օգոստոսի, 2017

ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀԿԲ) բարելավել է 2017 թվականին սպասվող տնտեսական աճի կանխատեսումը։ Ինչպես նշված է ԿԲ-ի գնաճի նոր հաշվետվության մեջ, 2017 թվականին Հայաստանում տնտեսական աճը գնահատվում է 3.9-4.8% միջակայքում՝ նախկին 3.3-4.8%-ի փոխարեն։ Նախկին կանխատեսումը հրապարակվել էր առաջին եռամսյակից հետո։

ԿԲ-ն բացի նշված միջակայքից առանձնացնում է նաև աճի ավելի ընդարձակ միջակայք, ըստ այդմ՝ տնտեսական աճը մեր երկրում այս տարի կարող է նվազագույնը 2.3% կազմել, առավելագույնը՝ 6.8%: Սա 90% հավանականություն ունի։

Իսկ վերևում նշված միջակայքը, որն ավելի նեղ է, իրականանալու 30% հավանականություն ունի։ Որպես կանոն, առավել մեծ ուշադրություն է դարձվում հենց այս երկրորդ տարբերակին։

Աճի վերանայման հիմքում, ըստ ԿԲ-ի, ընկած են  մի շարք գործոններ, ինչպիսիք են «զբոսաշրջության մեծ աճը և արտահանելի ոլորտի արագ ընդլայնումը»։

Արդյունաբերության ճյուղի կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված տարվա առաջին կիսամյակում ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ և հանքահումքային ապրանքների գների ավելի բարձր մակարդակով։ Արդյունքում, արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 7.8-8.6% աճ։

Շինարարության ոլորտում կանխատեսումներն էականորեն չեն փոխվել՝ անկնկալվում է 1.5-2.4% անկում։

Ըստ ԿԲ-ի

Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. երկրորդ կիսամյակից դանդաղած տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Արդյունքում, ոլորտի աճը գնահատվում է 1.6-2.4% միջակայքում։

Ծառայությունների ճյուղում 2017թ.ավելացված արժեքի աճը գնահատվում է 4.2-4.6%: Աճի ուղղությամբ վերանայումը մեծապես պայմանավորված է տարվա ընթացքում, ԿԲ ակնկալիքների համեմատ, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվի ավելի մեծ աճով:

Աճի ռիսկերն՝ ըստ ԿԲ-ի

Կենտրոնական բանկը գտնում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են ու հավասարակշռված։

Որպես դրական ռիսկեր՝ առանձնացվում են «Կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների խթանմանն ուղղված քայլերը»։ ԿԲ-ն նաև կանխատեսում է, որ այդ քայլերը հետագայում ևս դրական արդյունքներ են տալու։

Իսկ աճը զսպող գործոններից է մասնավոր պահանջարկի սպասվածից դանդաղ վերականգնումը։ «Բազային սցենարի համեմատ, համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը, եղանակային անբարենպաստ պայմանները, ինչպես նաև տնտեսական խթանող կառուցվածքային բարեափոխումների ընթացքը երկկողմանի ռիսկեր են պարունակում»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1%: Դա նույն ՀՆԱ-ի աճը չէ, սակայն  դրանք մոտ ցուցանիշներ են և ՀՆԱ-ի աճը՝ տնտեսական աճը, տարվա առաջին կիսամյակում ևս 6%-ի շրջակայքում է լինելու։