Լևոն Արոնյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

17:34, 27 սեպտեմբերի, 2017

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի 2017 թվականի խաղարկությունը, որի եզրափակչում մրցում էին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու չինացի գրոսմայստեր Դին Լիրենը։

Շախմատիստները սեպտեմբերի 23-26-ը դասական շախմատի չորս պարտիա անցկացրին, սակայն չկարողացան պարզել հաղթողին։ Բոլոր դեպքերում ոչ-ոքի գրանցվեց։ Աշխարհի գավաթի համար պայքարը թևակոխեց թայ-բրեյք։

Վճռորոշ եղան արագ շախմատի պարտիաները։ Այստեղ Արոնյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին և երկու դեպքում էլ հաղթանակ տարավ' թե՛ սպիտակներով, թե՛ սևերով։ Առաջին պարտիայում Լիրենն իր պարտությունը ընդունեց 30-րդ, իսկ երկրորդում' 33-րդ քայլերին։

Այսպիսով, 34-ամյա Լևոն Արոնյանը իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։ Հայ շախմատիստը նման հաջողության հասել էր նաև 2005 թվականին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում։

Նշենք, որ անկախ եզրափակչի արդյունքից՝ Արոնյանն ու Լիրենը իրավունք էին ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի մոլորակի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մրցաշարի մեկնարկային՝ 1/64 եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:

Լուսանկարը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի