Ջավախքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

10:07, 1 հոկտեմբերի, 2017

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Ջավախքի Գումբուրդո գյուղում կատարված դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Մասնավորապես` ՔՕ 353-րդ հոդվածով, այն է` ոստիկանների կամ իշխանության այլ ներկայացուցիչների կամ պետական ծառայողի վրա հարձակման համար,  187-րդ հոդվածի առաջին մասով, այն է` մեկ այլ անձի գույքը վնասելը կամ ոչնչացնելը, որը հանգեցրել է էական վնասի, և 239-րդ հոդվածի երկրորդ և երրորդ կետերով, այն է` խուլիգանությունը, որը կատարվել է նախնական պայմանավորված խմբի կողմից. ընդդեմ պետական մարմինների կամ խուլիգանության կանխող անձի ներկայացուցիչների. որը կատարվել է հրազենի կամ ցանկացած այլ զենքի օգտագործմամբ:

Ներքին գործերի նախարարության ներկայացմամբ, տեղացի մի խումբ բնակիչներ ներխուժել են Գումբուրդո գյուղի մշակութային ժառանգություն համարվող եկեղեցու տարածք, որը վերականգնման գործընթացում էր և պահպանվում է ՆԳՆ անվտանգության ծառայության կողմից: Անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելել են տեղաբնակներին մուտք գործել եկեղեցու տարածք, որից հետո տեղացիների մի խումբ փորձ է արել, ուժ գործադրելով, մուտք գործել տարածք: Ինչպես պնդում է ՆԳՆ-ն, անվտանգության ծառայողների կողմը քարեր են նետվել, ինչի հետևանքով ոստիկանները վնասվածքներ են ստացել, ինչպես նաև վնասվել է ՆԳՆ-ի մի քանի ավտոմեքենա:

Հիշեցնենք` երեկ Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում թաղված հին շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունն արգելել էր խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը: Հնչել էին կրակոցներ, գյուղացիներից երկուսը բերման էին ենթարկվել: Գյուղ էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Բանակցությունների արդյունքում բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել, իսկ խաչքարի տեղադրումը` հետաձգվել: