Կյանքը հայ-թուրքական սահմանին

00:02, 27 նոյեմբերի, 2017

Թլիկն Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից է: Այն սահմանապահ բնակավայր է, ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու Ախուրյան գետից՝ հայ-թուրքական սահմանից: Գյուղում 18 բնակեցված տուն կա, մյուսների դռները փակ են կամ ուղղակի լքված են: Չնայած բնակիչները շեշտում են, որ թլիկցիների հեռանալու գլխավոր պատճառը եղել է խմելու ջուրը, որից զրկվել են 1993-ին, գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանն ասում է, թե վերջին անգամ խմելու ջուր ունեցել են 2006-ին, իսկ բնակիչները հեռացել են, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա: 

Խմելու ջուրը թլիկցիները գնում են 7-10 օրը մեկ եկող ջրատար մեքենայից, չնայած ժամանակին խմելաջրի գործող համակարգ ունեին: Ոռոգման ջուրն էլ վերցնում են Ախուրյան գետից ու ամբարում գյուղապետարանի հարեւանությամբ դրված մեծ ցիստեռնում. 1997-ին պոմպը տեղադրել են «Փրկենք երեխաներին» կազմակերպության օգնությամբ: Այդուհանդերձ, պոմպը պարբերաբար խափանվում է ու նորոգման կամ նորը գնելու խնդիր է առաջանում, ինչի համար, բնականաբար, պետք է վճարել: Ախուրյանի ջուրն օգտագործում են անասունների, լվացքի, կենցաղային կարիքների համար: Ոռոգման ջրի բացակայության պատճառով Թլիկում հաշված ծառեր կան: 

Գյուղը չունի մանկապարտեզ, խանութ: Գնումներ թլիկցիները կատարում են 12 կմ հեռու գտնվող Արագածավան գյուղից: Թլիկի հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչները լավատես չեն գյուղի ապագայի հարցում. նշում են, որ արտագաղթի արդյունքում մի օր գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե իշխանությունները շարունակեն անտեսել սահմանապահ բնակավայրը: Նրանց դժվար է հակադարձել: