Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

16:24, 15 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը մեղավոր ճանաչվեց «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Նախկին նախարարը պատիժը կկրի խիստ ռեժիմով բանտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի ազատազրկումից Ուլյուկաևը պետք է վճարի նաև 130 մլն ռուբլի տուգանք, ինչպես նաև ազատ արձակվելուց հետո 8 տարի չի կարող պետական որևէ պաշտոն զբաղեցնել: Դատախազությունը պահանջում էր, որ դատարանը Ուլյուկաևին 10 տարով ազատազրկի և տուգանի 500 մլն ռուբլիով:

Վճիռը կայացնելիս դատարանը հաշվի է առել Ուլյուկաևի դրական հատկանիշները, երեխաների և տարեց ծնողների առկայությունը, ինչպես նաև նրա քրոնիկ հիվանդությունը:

Ոլյուկաևը դատարանի վճիռը անարդարացի է համարել և հայտարարել է, որ «շարունակելու է պայքարել»: Նախկին պաշտոնյայի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի վիճռը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Ուլյուկաևը դարձավ Ռուսաստանի նորագույն պատմության առաջին դաշնային նախարարը, ով դատապարտվեց կոռուպցիայի մեղադրանքով: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինից պահանջել է 2 միլիոն դոլար մի պայմանագիր պատրաստելու համար, որը հնարավորություն կտար «Ռոսնեֆտ»-ին ձեռք բերել «Բաշնեֆտ» ընկերության պետական բաժնեմասը:

Ոլյուկաևի մեղքը ապացուցելու գործում մեծ նշանակություն են ունեցել «Ռոսնեֆտ»-ի անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Օլեգ Ֆեոկտիստովի ցուցմունքները: Ֆեոկտիստովի խոսքերով՝ Իգոր Սեչինից իրեն հայտնի էր դարձել, որ Ուլյուկաևը ԲՌԻԿՍ-ի երկրների գագաթաժողովի ժամանակ է Սեչինից պահանջել 2 միլիոն դոլար:

Հատկանշական է, որ այս գործով գլխավոր վկա հանդիսացող Իգոր Սեչինի ցուցմունքները դատական նիստերի ընթացքում այդպես էլ չեն հնչել: Ուլյուկաևի գործով նիստերին Սեչինը երբեք չի եղել, չնայած որ անձամբ ինքն էր 2 մլն դոլար պարունակող պայուսակը հանձնել նախկին նախարարին:

61-ամյա Ալեքսեյ Ոլյուկաևը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 14-ին «Ռոսնեֆտ»-ի գրասենյակի մոտ: Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր 2013 թվականի հունիսից:

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский