«Տարոն-Ավիան» գործելու է, բայց թռիչքները ժամանակավոր կնվազեն

14:24, 23 դեկտեմբերի, 2017

Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերության ղեկավարությունը երեկ «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով հայտարարեց, որ ավիափոխադրողը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ համաձայն «Միշտ թռիչքի մեջ» կարգախոսի:

Բանն այն է, որ երեկ, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, թե ընկերությունը հնարավոր է դադարեցնի իր գործունեությունը: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող տեղական ընկերություններից մեկի աշխատակիցները լրատվամիջոցին հայտնել էին, որ ռուսական «Պոբեդան», որը «Տարոն-Ավիայի» մրցակիցն է Գյումրի-Մոսկվա ուղեգծի վրա, իջեցրել է իր տոմսերի գներն ու չվերթների քանակը շաբաթական 3 հատից դարձրել է ամենօրյա, այսինքն՝ փորձում է դեմպինգ կիրառել ու ասպարեզից դուրս մղել «Տարոն-Ավիային»: Մյուս կողմից՝ նման տեղեկատվական հոսքի պատճառն, ըստ էության, այն էր, որ գալիք տարվա համար «Տարոն-Ավիայի» կողմից Գյումրուց դեպի Մոսկվա ավիատոմսեր դեռեւս հասանելի չեն:  

Հայկական փոխադրողն այսպես է մեկնաբանել վերը նշվածը. «Ավիաընկերությունը, հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները, 2018 թվականի հունվարի 15-ից հետո կնվազեցնի իր չվերթների հաճախականությունը: Ցանկանում ենք նշել նաեւ, որ տարածված տեղեկատվությունը, որ ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը, չի համապատասխանում իրականությանը»:

«Տարոն-Ավիան» դեռ 2015-ի սկզբից էր փորձում Հայաստանից թռիչքներ կատարելու իրավունք ստանալ, ինչն, ի վերջո, հաջողվեց միայն 2016-ի գարնանը, իսկ թռիչքները մեկնարկեցին այս տարի: Գառնիկ Պապիկյանի ընկերությունն ապրիլից սկսեց Գյումրուց թռչել դեպի Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով: Այս ուղղությունների վրա հայկական փոխադրողը մրցակից չուներ: Հունիսին մեկնարկեց նաեւ Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)-Գյումրի չվերթի շահագործումը: Մինչ այդ՝ 2016-ի դեկտեմբերից, Մոսկվան («Վնուկովո» օդանավակայան) ու Գյումրին իրար էր կապում ռուսական հսկա «Աէրոֆլոտի» դուստր ընկերությունը՝ «Պոբեդան»: Այսինքն՝ հայկական փոխադրողն իր նոր քայլով մրցակցություն ստեղծեց ռուսների համար: Հետաքրքիր է, որ «Տարոն-Ավիան» չի հերքել «Պոբեդայի» դեմպինգի մասին լուրերը՝ կարծես լռությամբ հաստատելով դրանք:

Հիշեցնենք, որ հայկական նախկին ավիաօպերատորներ «Արմավիան» ու «Էյր Արմենիան» ռուսական ընկերությունների մտածված կոշտ քաղաքականության զոհը դարձան նաեւ: Եթե «Արմավիայի» անկման պարագայում, ի թիվս այլ հանգամանքների, էական դեր խաղաց պարիտետի պայմանների փոփոխությունը, ապա «Էյր Արմենիան» մեկ տարվա թռիչքներից հետո բավականին լուրջ խնդիրներ ունեցավ ռուսական ավիացիոն իշխանությունների հետ, իսկ տարածված լուրերը մեծ խուճապ առաջացրին ուղեւորների շրջանում. դա ավիաընկերության վերջի սկիզբն էր:

Ռուսական ավիաընկերությունների կողմից դեմպինգը նոր երեւույթ չէ հայկական ավիացիայում: Մեծ ավիապարկ ու ֆինանսական հնարավորություններ ունենալով՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ժամանակավոր վնասի հաշվին (ցածր գներ սահմանելով, ամեն օր թերբեռնված օդանավեր թռցնելով) մրցակցությունից հանել հայկական փոքր փոխադրողներին, ապա վնասը փոխհատուցելու համար կրկին բարձրացնել տոմսերի գները՝ լինելով տվյալ ուղղության մոնոպոլիստ կամ ներքին համաձայնությամբ կիսելով այդ հնարավորությունը մեկ այլ ռուսական ընկերության հետ: Թվում է, թե նման վարքագիծը պիտի կանխվի հայկական իշխանությունների կողմից, սակայն ամեն ինչ հակառակն է: Չնայած ՀՀ-ն ու ՌԴ-ն չեն կնքել «բաց երկնքի» համաձայնագիր, ինչպես մեր երկիրն անում է մի շարք այլ պետությունների հետ, այդուհանդերձ, 2013-ից երկուսի մեջ վերացվել են նախկինում գոյություն ունեցող սահմանափակումները. հիմա ցանկացած ռուսական փոխադրող իր ուզած ուղղություններով, հաճախականությամբ, օդանավերի տարողությամբ կարող է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Իսկ մեր կառավարության կողմից խտրական սակագների ու գործելակերպի, գերիշխող դիրքի չարաշահման, պայմանավորվածությունների արդյունքում արհեստականորեն բարձրացված գների, դեմպինգի վերահսկման ու կանխարգելման գործառույթները մնում են թղթի վրա գրված գեղեցիկ խոսքեր:

Երբ 2016-ի գարնանը «Տարոն-Ավիան» թռիչքներ կատարելու իրավունք ստացավ, սեփականատեր Գառնիկ Պապիկյանին հարցրինք ռուսական ընկերությունների հետ մրցակցության մասին՝ նշելով, որ դրանք, կարելի է ասել, կուլ են տվել հայկական շուկան: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ոչ թե կարելի է ասել, այլ հենց այդպես էլ կա՝ ռուսները գրավել են մեր շուկան, իսկ հայկական ընկերության մուտքը պետք է լինի հաշվարկված, ու պիտի ուշադիր աշխատեն: Սա նշանակում է, որ ռուսների վարած քաղաքականությունը չէր կարող նորություն կամ անակնկալ լինել հայկական փոխադրողի համար, ինչը կարող էր բերել գործունեության դադարեցման:

Ավելին՝ չմոռանանք, որ ընկերությունն աշնանը Դոնի Ռոստովի փոխարեն նախընտրեց շեշտը դնել Մոսկվայի վրա՝ սկսելով Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղության ամենօրյա շահագործումը: Այնինչ դա ամենամեծ պահանջարկ ու առաջարկ (մրցակցություն) ունեցող չվերթն է:

Իր կայքում ձմեռային աերոնավիգացիոն սեզոնի (հոկտեմբերի 29-ից մարտի 24) համար «Տարոն-Ավիան» առաջարկում է հետեւյալ ուղղությունները. Գյումրուց՝ դեպի Կրասնոդար (ամեն երեքշաբթի) եւ Սամարա (ամեն չորեքշաբթի), իսկ Երեւանից՝ Մոսկվա («Վնուկովո», ամեն օր): Ինչ վերաբերում է Գյումրուց դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չվերթներին, ապա, ըստ պաշտոնական կայքի, դրանք իրականացվելու են ամեն կիրակի մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ ուրբաթ (դեկտեմբերի 15, 22, 29) ու շաբաթ (դեկտեմբերի 30) օրերին: Թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն 2018-ին, առայժմ պարզ չէ, բայց մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ ձմեռային սեզոնին, որպես կանոն, չվերթների պահանջարկն ու առաջարկը նվազում է:    

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից