2 աշակերտ ունեցող դպրոց պահելը շռայլություն է պետության համար․ պատգամավորները՝ եզդիաբնակ համայնքի լուծարված դպրոցի մասին

16:08, 26 հունվարի, 2018

Կառավարության հունվարի 25-ի նիստում որոշվեց Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը լուծարել՝ ընդամենը երկու աշակերտ ունենալու հիմնավորմամբ։ Ըստ որոշման՝ դպրոցի լուծարման արդյունքում կտնտեսվի 13 մլն դրամ։ Խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով` որոշումը հիմնավորված է, քանի որ երկու աշակերտի համար կրթական հաստատություն պահելն «անտրամաբանական» է։

«Շատ ավելի հարմար է 3,5 կմ ճանապարհի հարցը լուծել, տրանսպորտային հնարավորություն ստեղծել, որ երեխաները գնան այլ դպրոց, քան երկու հոգու համար դպրոց պահեն»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Մեր հարցին, թե այդ որոշմամբ չի՞ ոտնահարվում երեխաների կրթություն ստանալու իրավունքը, պատգամավորն ասաց․ «Հնարավորություններ չունեցող երկրի պարագայում երկու հոգու համար նման ծախսը ցանկալի չէ, բայց այդ որոշումը չի նշանակում, որ ոտնահարվում են երեխաների իրավունքները, պետք է անպայման լուծեն այդ երեխաների՝ այլ դպրոցներում ուսանելու հարցը»։

Մեծաձոր համայնքը եզդիաբնակ է, գյուղում մի քանի ընտանիք է ապրում։ Հարցին, թե դպրոցի լուծարումը չի՞ նպաստի արտագաղթին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց․ «Դպրոցում երկու հոգի լինելը նշան է այն բանի, որ գյուղն, ըստ էության, դատարկվում է, դա ոչ թե արտագաղթի կբերի, այլ արտագաղթն է բերել այդ վիճակի, իսկ  արտագաղթը ոչ թե դպրոցից պետք է սկսել, այլ աշխատատեղերից, եկամուտներից։ 13 մլն-ը մեծ  գումար չէ, իզուր էլ ասացին այդ թիվը, ամոթ է, շատերն իրավունք ունեն մտածելու, որ գումարի տնտեսման համար են արել, բայց այն  խնայողության ինստիտուտի հետ կապ չունի, պարզապես այլընտրանք չկար»։

Նույն հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ, պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ համոզված է, որ նման որոշումն ունի նաև տնտեսական որոշակի հիմնավորում, և խորհուրդ է տալիս դիմել գործադիրին պարզաբանման համար. «Իրենք կպատասխանեն, որ երկու աշակերտի ուսումնական գործընթացի կազմակերպումը մոտակա այլ դպրոցում՝ ներառյալ տրանսպորտային ծախսերը, բյուջեի շատ ավելի արդյունավետ ծախս է, քան 13 մլն-ը, որը ծախսվում է ամբողջ շենք-շինությունների պահպանման, աշխատավարձերի և աշխատակազմ պահելու վրա:

Պատգամավորի համոզմամբ՝ կան ծախսերի ողջամտության որոշակի սահմաններ, որոնց շրջանակներում պետությունը պարտավոր է տեղավորվել. «Այդ երկու աշակերտի  ծախսը, կարծում եմ, մեզ համար շռայլություն է»։

«Շռայլություն չէ՞ մի գործողուման շրջանակում պատգամավորի կողմից մի քանի մլն դրամի բջջային հեռախոսի վրա ծախսված գումարը»,- հարցրինք պրն Սաղաթելյանին: Նա համոզմունք հայտնեց, որ այդ ծախսերը համադրելի չեն, սակայն հավելեց, որ ծախսերը պետք է լինեն ողջամտության սահմանված չափորոշիչների շրջանակում։ Սաղաթելյանը չի կարծում, թե դպրոցի լուծարման որոշումը կարող է հանգեցնել բնակիչների՝ այլ բնակավայր տեղափոխվելուն։

«Անմիջական պատճառահետևանքային կապ չեմ տեսնում այդտեղ, ես հիշում եմ նաև խորհրդային տարիները, կային որոշ շրջաններ, որտեղ զարգացած, մեծ տնտեսություններ կային, սակայն դպրոցը  հարևան համայնքում էր, և ստեղծված էր ենթակառուցվածք, որպեսզի կենտրոնացված կազմակերպվի ուսումնական գործընթացը։ Մյուս կողմից` եթե նայենք ուսումնական գործընթացի  կազմակերպման տեսանկյունից, երեխաները պետք է շփվեն այլ երեխաների հետ, պետք է սովորեն կոլեկտիվի մեջ աշխատանք կատարել, սեռերի միջև հարաբերությունների ձևավորմանը, այսինքն` մեկ երեխա մեկ դասարանում արդյոք նորմա՞լ է: Կարծում եմ` ոչ, նույնիսկ եթե դրա հնարավորությունը կա»,-մանրամասնեց պատգամավորը։

Նույն հանձնաժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նկատեց՝ գնահատականը միանշանակ չէ, որքան էլ որ ոչ պոպուլյար որոշում է կայացրել Կառավարությունը։

«Այնուհանդերձ, ռացիոնալ հիմավորում կա, իսկապես, երկու երեխայի համար ինը հոգանոց կազմ հոգալը  պետության համար ռացիոնալ չէ։ Այստեղ ուրիշ հարց կա. որպեսզի այդ երկու երեխան չկտրվեն դպրոցից, և գյուղում մնացած տնտեսություններն էլ չարտագաղթեն, և շարունակի գյուղը գործել, գուցե պետությունը դիտարկի երեխաների՝ այլ դպրոց տրանսպորտով տեղափոխության, ինչպես նաև` ապահովի ուսուցիչների զբաղվածության հարցը։ Եթե մի հարց վարչական լուծմամբ կիսատ է արվում, անպայման դժգոհությունների առիթ է տալիս»,-ասաց պատգամավորը։

Ա. Միրզոյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքին, որ գյուղը եզդիաբնակ է, և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը պետք է հաշվի առնել. «Արդյոք այն կրթությունը, որն իրենք այդ դպրոցում էին ստանում, որը գուցե սպեցիֆիկ, իրենց ազգային ինքնության պահանջներց բխող տարրեր ունի, այդ ամենն ապահովվելո՞ւ է մյուս դպրոցում, որը խորհուրդ են տալիս»:

Պատգամավորի համոզմամբ՝ 13 մլն դրամը մեծ գումար չէ, բայց եթե կարելի է առանց կրթությանը վնաս հասցնելու կազմակերպել երկու երեխայի ուսուցումն այլ դպրոցում ավելի նվազ գումարով, ապա դա ավելի ռացիոնալ կլինի։