Նախարարությունը չի հստակեցնում՝ միասնական ցանցի գործարկումից հետո երթուղային գազելները գործելո՞ւ են, թե ոչ

17:36, 29 հունվարի, 2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է միասնական տրանսպորտային համակարգ ներդնել, որը կգործի ամբողջ հանրապետության տարածքում։ Օրենդրական նախաձեռնության ընդունման դեպքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը կմիավորվեն։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքների փաթեթը խորհրդարանն ընդունել է 66 կողմ, 1 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե ինչ բարեփոխումներ են լինելու միասնական երթուղային ցանցի ներդրման շնորհիվ։

Մասնավորապես ուղղել էինք հետեւյալ հարցերը.

-         Միասնական տրանսպորտային ցանցն արդյոք ենթադրո՞ւմ է նաև որակական փոփոխությունհանրապետության տարբեր մարզերը սպասարկող «Գազել» ու «Ֆորդ» մակնիշի մեքենաները փոխարինվելո՞ւ են  ավելի բարեկարգ տրանսպորտային միջոցներով։

-         Հնարավո՞ր է փոփոխությունների հետևանքով լինեն համայնքներ, որտեղ չգործի միջհամայնքային տրանսպորտ։

-         Միասնական երթուղու ներդնումն ինչպե՞ս է ազդելու սակագնի ձևավորման վրա. և արդյոք սակագինը որոշելիս հաշվի է առնվելու նաև դիզվառելիքի թանկացումը։

Նախարարությունը անորոշ պատասխան է տվել, որից որեւէ եզրակացություն հնարավոր չէ անել. «Միասնական երթուղային ցանց ներդնելու հիմնական նպատակը հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտային սպասարկմամբ ապահովելն է։ Միասնական երթուղային ցանց ներդնելու արդյունքում կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կբարձրանա շարժակազմի շահագործման արդյունավետությունը, տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն ուղևորահոսքի ծավալներին, կթարմացվի տրանսպորտային պարկը, ինչի արդյունքում կբարձրանա փոխադրումների անվտանգությունն ու սպասարկման որակը։ Կներդրվեն միասնական տոմսավորման և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր, ինչպես նաև ինտերակտիվ քարտեզ։ Միասնական տոմսավորման համակարգն անհատականացված քարտերի միջոցով հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներում կիրառել ճկուն զեղչային համակարգ։ Գործընթացի շրջանակներում նախատեսվում է տնտեսագիտական հիմնավորված փոխադրավարձի հաշվարկման մեթադաբանության մշակում և ներդրում»։