Վարչական գործերով դատական նիստերի տեսանկարահանման հստակեցման՝ Ա․ Հովհաննիսյանի առաջարկն ընդունվեց

14:16, 31 հունվարի, 2018

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում է վարչական գործերով դատական գործերի տեսա և լուսանկարահանման կարգավորումը հստակեցնել։

Այս մասին «Հետք»-ն ավելի վաղ գրել էր։ Պատգամավորն առաջարկում է «դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ» բառերը փոխարինել  «դատավարության մասնակիցների համաձայնությամբ» բառերով, ապա օրենքում ավելացնել հետևյալ կետը

«Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս, ապա  նա պարտավոր է հիմնավորել, որ նման սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»:

Հովհաննիսյանի խոսքով՝ նման փոփոխությունների ազդակները ստացել է լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ շփումների արդյունքում։

Գործող իրավակարգավորումների հետևանքով՝ լրագրողը կողմերից մեկին պետք է խնդրի միջնորդություն ներկայացնել դատարանին՝ տեսա և լուսանկարահանում իրականացնելու համար, ինչն առաջացրել է «լրագրողական համայնքի մտահոգությունները՝ լրագրողների անաչառության հետ կապված։

Արփինե Հովհաննիսյանը հղում կատարեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որտեղ ամրագրված է, որ դատական տեսանկարահանումը կատարվում է կողմերի համաձայնությամբ՝ գործը քննող դատարանի թույլտվությամբ, սակայն Վարչական դատավարության օրենսգրքում կարգավորումն այլ է։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ լուսաբանումը կարևոր է արդարադատության կայացման համար. «երբ կա լրագրող, դատավորները շատ ավելի ճշտապահ են»։ Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ տարակուսանք հայտնեց առաջարկվող փոփոխության վերաբերյալ՝ ասելով, որ միշտ լինում է մի կողմ, որը տեսաձայնագրմանը դեմ է։

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հրայր Թովմասյանն էլ կոչ արեց այդ դեպքում ձայնագրել կամ գրառումներ անել։

Նախագիծն ընդգրկվեց փետրվարի վեցին գումարվող նիստերի օրակարգում։